2019 թվականին գլոբալ պաշտպանական ծախսերն ավելացել են 4 տոկոսով, ինչը ամենամեծ աճն է վերջին 10 տարվա ընթացքում եւ պայմանավորված է ԱՄՆ-ի եւ Չինաստանի ծախսերի զգալի աճով, հաղորդում է AFP-ը:

Ռազմավարական հետազոտությունների միջազգային ինստիտուտը (IISS) նշում է, որ Չինաստանի ռազմական արդիականացման ծրագիրն անհանգստություն է առաջացնում Վաշինգտոնի մոտ եւ նպաստում ԱՄՆ պաշտպանական ծախսերի ավելացմանը:

Ամենամյա զեկույցում ինստիտուտը նշում է, որ 2018-2019 թվականներին ԱՄՆ ծախսերի ավելացումը՝ 53,4 մլրդ դոլար, գրեթե նույնքան է եղել, որքան ամբողջ բրիտանական պաշտպանական բյուջեն:

Ե՛վ Չինաստանը, եւ՛ ԱՄՆ-ը մեծացրել են ծախսերը 6,6 տոկոսով, այն դեպքում, երբ Եվրոպան՝ Ռուսաստանի հետ կապված պահպանվող անհանգստության պատճառով, 4,2 տոկոսով:

ՆԱՏՕ-ի եվրոպական անդամները ձգտում էին մեծացնել ծախսերը՝ հանգստացնելու համար ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին, ով բազմիցս քննադատել է իր եվրոպացի դաշնակիցներին, հատկապես՝ Գերմանիային, մինչեւ ՀՆԱ 2 տոկոս պաշտպանական ծախսերի մեծացման խոստումը չկատարելու համար: