Կանադայի, Աֆղանստանի, Մեծ Բրիտանիայի, Շվեդիայի եւ Ուկրաինայի իշխանությունները շարունակում են պնդել, որ Իրանը փոխանցի Ֆրանսիային Թեհրանում կործնված ուկրաինական ինքնաթիռի սեւ արկղերը: Այդ մասին հայտնել է Կանադայի ԱԳՆ մամուլի ծառայությունը Մյունխենում կայացած Կանադայի արտաքին գործերի նախարար Ֆրանսուա Ֆիլիպ Շամփանի եւ Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆի հանդիպումից հետո, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Նախարարները քննարկել են PS752 չվերթի սեւ արկղերը վերծանելու շուրջ իրավիճակը: Նախարար Շամփանը հիշեցրել է, որ Միջազգային համակարգող խմբի անդամ երկրները շարունակում են համարել, որ Իրանը պետք է օգտագործի Ֆրանսիայի հնարավորությունները [սեւ արկղերը վերծանելու հարցում], որն ունի անհրաժեշտ տեխնիկական միջոցներն այդ աշխատանքն իրականացնելու համար»,-ասել են մամուլի ծառայությունում: Շամփանն ու Զարիֆը նաեւ անդրադարձել են զոհվածների հարազատներին Իրանի կողմից փոխհատուցում տրամադրելու հարցին, որը պետք է համապատասխանի միջազգային չափորոշիչներին:

Ավելի վաղ Կանադան, Աֆղանստանը, Մեծ Բրիտանիան, Շվեդիան եւ Ուկրաինան ստեղծել են հատուկ խումբ, որը օպերատիվ կերպով պետք է փոխանցի զոհերի բարեկամներին աղետի պատճառների քննության մասին եւ կզբաղվի անհրաժեշտ օգնության տրամադրմամբ:

Հունվարի 8-ին «Ուկրաինական միջազգային ավիաուղիներ» ընկերության Boeing 737 ինքնաթիռը կործանվել էր Թեհրանի օդանավակայանից թռիչք կատարելուց մի քանի րոպե անց: Զոհվել էր 176 մարդ՝ Աֆղանստանի, Գերմանիայի, Իրանի, Կանադայի եւ Ուկրաինայի, ինչպես նաեւ Մեծ Բրիտանիայի ու Շվեդիայի քաղաքացիներ: Հունվարի 11-ին Իրանի ԶՈՒ գլխավոր շտաբը տարածել էր հայտարարություն, որում խոստովանել էր, որ Իրանի հակաօդային պաշտպանության ուժերն ինքնաթիռի ուղղությամբ սխալմամբ հարված էին հասցրել: