Facebook ամերիկյան ընկերությունը մշակել է Hobbi նոր հավելվածը, որը հնարավորություն է տալիս օգտատերերին ստեղծել իրենց հետաքրքրությունների մասին լուսանկարների կատալոգներ, հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ հղում կատարելով CNET-ին:

Հավելածը միացված չէ Facebook սոցիալական ցանցում էջին, եւ iOS օպերացիոն համակարգով աշխատող սմարթֆոնների օգտատերերն արդեն կարող են ներբեռնել այն 84 երկրներում՝ ներառյալ ԱՄՆ-ում, Կանադայում, Ավստրալիայում եւ Ուկրաինայում: Որոշ ԶԼՄ-ներ համեմատում են պլատֆորմը Pinterest ծառայության հետ: Նրանց գնահատմամբ՝ երկու հավելվածների միջեւ հիմնական տարբերությունն այն է, որ Hobbi-ի պգտատերերն ունեն հնարավորություն ավելացնել հեռախոսի տեսախցիկով արված սեփական նկարներն ու դրանցից ստեղծել տեսահոլովակ:

Hobbi-ն մշակվել է Facebook NPE Team ստորաբաժանման կողմից, որը զբաղվում է նոր հավելվածներ ստեղծելու հարցերով: Ավելի վաղ այն ներկայացրել է մի քանի առաջարկ, օրինակ, Whale-ը մեմերի ստեղծման համար, Aux երաժշտական ծառայությունն ու Bump մեսինջերը: Սակայն դրանցից եւ ոչ մեկը, համաձայն հավելվածների վերլուծությամբ զբաղվող Sensor Tower-ի, չի գրավել մեծաթիվ օգտատերեր:

Facebook ընկերությունը հիմնադրվել է 2004 թվականի փետրվարի 4-ին Մարկ Ցուկերբերգի եւ նրա երեք համակուրսեցիների կողմից Հարվարդի համալսարանում սովորելու տարիներին: Այդ սոցցանցն աշխարհում առաջատարներից մեկն է: Ըստ վերջին տվյալների՝ դրա լսարանն ամեն ամիս գերազանցում է 2.4 մլրդ օգտատերերի շեմը: