«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ղեկավար Դանիել Իոաննիսյանը դատարանին առարկություններ է ներկայացրել այն մասին, որ մամուլի ասուլիսի ժամանակ «Թոխմախի Բաբոյի»՝ մասին որպես քրեական հեղինակություն խոսելիս,  նկատի չի ունեցել  մաքսային ծառայության գնդապետ Բաբկեն Ղազարյանին: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Իոաննիսյանի դեմ զրպարտության համար հայց ներկայացրած Ղազարյանի ներկայացուցիչ, փաստաբան Լուսինե Սահակյանը:

«Ըստ էության ինքն իր այս առարկությամբ ցույց է տալիս, որ շատ լավ գիտակցում է, որ զրպարտությունը տեղի է ունեցել եւ փորձում է այս կերպ պատասխանատվությունից զերծ մնալ: Թե ում է ի նկատի ունեցել, բնականաբար, պատասխանում չկա: Բայց հայցը ներկայացնելուց հետո նրա հայտարարությունները վկայում են, որ իմացել է՝ ում մասին է խոսում։ Հայցը ներկայացնելուց հետո իր վարքագիծն ենք ներկայացրել դատարանին, երբ հստակ մատնանշում էր, որ իրեն դատի տվող անձը, շատ լավ գիտակցում է, որ Բաբկեն Ղազարյանն է: Հստակ է, որ Բաբկեն Ղազարյանին նկատի ուներ: Եթե այլ անձ կա, ում նկատի է ունեցել, թող հրապարակի՝ տեսնենք»,- ասաց Լուսինե Սահակյանը:

Երեւանի ընդհանուր իրավասության դատարանում այսօր՝ փետրվարի 14-ին, այս հայցադիմումով հերթական դատական նիստն էր: Պատասխանող կողմը ներկա չէր, ինչի պատճառով նիստը հետաձգվեց: Ղազարյանի ներկայացուցիչը կարծում է՝ պատասխանող կողմը դատարան չի ներկայանում ապացույցներ չունենալու պատճառով:

«Օրենսդրությունը սահմանում է, որ զրպարտչական տեղեկություն տարածող անձն ինքը պետք է հիմնավորի, որ իր  տարածած տեղեկությունները զրպարտություն չեն հանդիսանում: Դանիել Իոաննիսյանը ասելիք չունի, դրա համար էլ չի ներկայացել դատական նիստին: Ի՞նչ պետք է ասի բացի կեղծ, սուտ տեղեկություններ ներկայացնելուց, իսկ դա նա կարող է անել մամուլի ասուլիսներում, հրապարակումներում, հարցազրույցներում: Դատարանում դա անել նա չի կարող, որովհետեւ դատարանում նա հստակ պետք է գա ապացույցներով եւ հիմնավորի, որ Բաբկեն Ղազարյանը քրեական հեղինակություն է: Նա չի կարող որեւէ ապացույց ներկայացնել, քանի որ, բնականաբար, Բաբկեն Ղազարյանը քրեական հեղինակություն չէ»,- նշեց նա:

Բաբկեն Ղազարյանը հայցով Իոաննիսյանից պահանջում է հրապարակային հերքում եւ երկու միլիոն դրամ բարոյական վնասի փոխհատուցում:

«Նկատի ունենալով Բաբկեն Ղազարյանի կենսագրությունը, եւ այն, որ նա գնդապետ է, երեք բարձրագույն կրթություն ունեցող անձ է, նրան քրեական հեղինակություն անվանելը, բնականաբար, նրա արժանապատվությունն է վնասում»,- ասաց փաստաբանը՝  նշելով, որ իրենց կարծիքով միակ օրինական դատական ակտը հայցի բավարարումն է:

Լուսինե Սահակյանի խոսքով՝ հետագայում հրապարակային զրպարտությունները կանխելու համար են  կարեւոր  նմանատիպ դատական հայցերը:

«Հայաստանում պետք է ստեղծվի այնպիսի իրավիճակ, որ այսպիսի անպատասխանատու հայտարարություններ չլինեն: Կարեւոր է, որ մարդիկ իրենց իրավունքները դատարանում են պաշտպանում, որ անձինք, օրինակ Դանիել Իոաննիսյանը, որը, զարմանալիորեն, որոշակի ազդեցություն է կարողանում ունենալ հանրության կարծիքի վրա, նման անպատասխանատու հայտարարություններ չանեն եւ հանրությունն էլ հասկանա, թե ով են այդ անձինք եւ նրանց խոսքի արժեքն ինչպիսին է»,- ասաց նա:

Հիշեցնենք, որ Դանիել Իոաննիսյանը նախորդ տարվա մայիսին մամուլի ասուլիսի ժամանակ ասել էր. «Նախկինում մենք չենք տեսել դեպքեր, որ ազգային անվտանգության ծառայությունը կամ ծառայության տնօրենը այդքան սերտ համագործակցության մեջ լինի քրեական հեղինակությունների հետ: …Քրեական հեղինակությունների անուններն էլ շատերը գիտեն, այսինքն անուն-ազգանունները ես չգիտեմ, մականուններով են ասում՝ Վստրեչի Ապեր, Թոխմախի Բաբո, Վովայի Արշակ: Այսինքն էդ մարդիկ հիմա իրանց ավելի ազատ են զգում, քան նախկինում...»:

Դրանից հետո Բաբկեն Ղազարյանը հայտարարել էր, որ Դանիել Իոաննիսյանը զրպարտել է իրեն՝ անվանելով «քրեական հեղինակություն» եւ այդ հիմքով ինքը հայց է ներկայացնելու: Ի պատասխան Դանիել Իոաննիսյանը տեղեկացրել էր, որ եթե Ղազարյանը հայցից չհրաժարվի, հակընդդեմ հայց է ստանալու: