Փետրվարի 14-ին Մյունխենյան անվտանգության համաժողովի շրջանակում տեղի է ունեցել ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հանդիպումը Խորվաթիայի արտաքին և եվրոպական հարցերի նախարար Գորդան Գրլիչ Ռադմանի հետ:

Նախարար Մնացականյանը շնորհավորել է Գրլիչ Ռադմանին ԵՄ Խորհրդում նախագահությունը ստանձնելու կապակցությամբ՝ վերահաստատելով հայկական կողմի աջակցությունը Խորվաթիայի նախագահության առաջնահերթություններին:

Գործընկերները մտքեր են փոխանակել հայ-խորվաթական օրակարգի մի շարք հարցերի շուրջ, մասնավորապես կարևորել տարբեր մակարդակներով երկկողմ հանդիպումների, փոխայցերի ակտիվացման և քաղաքական խորհրդակցությունների անցկացման ուղղությամբ համատեղ ջանքերի գործադրումը։

Առանձնահատուկ ընդգծվել է բազմակողմ հարթակներում համագործակցության ներուժի լիարժեք կիրառումը։ Անդրադառնալով Հայաստան-ԵՄ գործընկերությանը` կողմերն ընդգծել են Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի դերը ԵՄ և ԵՄ անդամ երկրների հետ ՀՀ հարաբերությունների խթանման և իրավական կարգավորման գործում: Զրուցակիցները մտքեր են փոխանակել առաջիկա ԱլԳ գագաթնաժողովի նախապատրաստական աշխատանքների շուրջ:

Մարդկանց միջև փոխշփումների աշխուժացման համատեքստում Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը մատնանշել է ԵՄ երկրներ մուտքի արտոնագրերի ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկի կարևորությունը Հայաստանի համար: