Համաձայն Հայաստանի բանկերի միության  ներկայացրած ֆինանսական վիճակագրության՝ ՀՀ բանկերի տարեկան ընդհանուր կապիտալը 2019-ին կազմել է 844.8 մլրդ դրամ՝ նախորդ տարվա համեմատ աճելով 9.5%-ով: Ընդհանուր ակտիվները կազմել են 5.805 մլրդ դրամ՝ նախորդ տարվա  համեմատ 17%-ով ավելի, ընդ որում, ընդհանուր ակտիվների կառուցվածքում մոտ 62%-ը վարկային ներդրումներն են եղել, որոնք 2018 թվականի համեմատ աճել են 10.1%-ով՝ կազմելով 3.572  մլրդ դրամ:
2019-ին բանկային համակարգում ընդհանուր պարտավորությունները նույնպես ավելացել են՝ կազմելով 4.960 մլրդ դրամ՝ նախորդ տարվա համեմատ աճելով 18.3%-ով: Հատկանշական է, որ հաճախորդների նկատմամբ բանկերի պարտավորությունների արժութային կառուցվածքում շարունակում են գերակշռել արտարժույթով պարտավորությունները (53%)՝ հիմնականում դոլարային ժամկետային ավանդների տեսքով. ՀԲՄ նախագահ Մհեր Աբրահամյանի խոսքով՝ դոլարիզացիայի մակարդակի նման ցուցանիշն ամենացածրն է պատմության մեջ, ընդ որում՝  առկա է նվազման միտում:
Ասուլիսի շրջանակում անդրադարձ է եղել նաև վճարային քարտերով իրականացված գործարքներին.  2019թ-ին վճարային քարտերով կատարվել է 64,728,868 գործարք, որը 2018թ-ի համեմատ ավելացել է 34.5%-ով: Չնայած անկանխիկ գործարքների թիվն ավելացել է, բայց դրանց  աճը դեռ չի վերագրվում մանրածախ անկանխիկ գործարքներին:
Բանկային համակարգում 2019 թվականին ակտիվների շահութաբերությունը (ROA) կազմել է  1.34%, իսկ բանկերի բաժնետերերի համար առավել հետաքրքրական՝ սեփական կապիտալի շահութաբերությունը (ROE)՝ 9.24%:
ՀԲՄ նախագահ Մհեր Աբրահամյանը և ՀԲՄ գործադիր տնօրեն Սեյրան Սարգսյանը նշել են նաև, որ սպասվում են որոշ տնտեսաիրավական կարգավորումներ սպառողական վարկավորման շուկայում, իսկ հարցին, թե ինչ ռիսկեր են տեսնում ՀՀ տնտեսական աճի պարտքային բովանդակության հետ կապված, ասել են, որ էական ռիսկեր չեն տեսնում, ավելին՝ ֆինանսական միջնորդությունը ավելանալու է: