Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի կողմից սահմանված Ռաֆայել Լեմկինի անվան ամենամյա դրամաշնորհային ծրագրի առաջին հաղթողը Լոնդոնի համալսարանի Պատմության եւ հասարակական գիտությունների ֆակուլտետի պատմության ամբիոնի ասպիրանտ Ռեբեկա Ջինքսն է:

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտից NEWS.am-ին հայտնում են, որ Ռ. Ջինքսը զբաղվում է Հայոց ցեղասպանության եւ Հոլոքոստի ուսումնասիրությամբ, արժանացել է մի շարք ակադեմիական մրցանակների եւ տիրապետում է անգլերեն, գերմաներեն եւ սերբերեն լեզուներին:

Հիշեցնենք, որ 2010թ. սեպտեմբեր ամսին ՀՀ ԳԱԱ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը հայտարարել էր Ռաֆայել Լեմկինի անվան ամենամյա դրամաշնորհային ծրագրի մեկնարկի մասին: Այն հնարավորություն է ընձեռելու օտարերկրյա ասպիրանտներին, ովքեր մասնագիտանում են ցեղասպանագիտության ոլորտում, մեկ ամսով այցելել Հայաստան` տեղի գիտական հաստատություններում եւ գրադարաններում ուսումնասիրություններ իրականացնելու համար:

Երիտասարդ հետազոտողների ուսումնասիրությունների իրականացման հիմնական վայրը հանդիսանալու է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը, որտեղ նրանք հնարավորություն կստանան ծանոթանալ Հայկական հարցի եւ Հայոց ցեղասպանության պատմությանը, ուսումնասիրություններ կատարել Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի գիտական ֆոնդերում եւ գրադարանում, ինչպես նաեւ ստանալ մասնագիտական խորհրդատվություն, ծանոթանալ Հայաստանի Հանրապետության բուհերի, արխիվների, գրադարանների նյութերի հետ:

Դրամաշնորհի պայմաններով տարեկան նախատեսվում է մեկ ասպիրանտի այցելություն: Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը հոգալու է գիտնականների երկկողմանի ճանապարհորդության եւ կացության ծախսերը: