Իդլիբի դեէսկալացիայի գոտում գրոհայինները ամերիկյան շարժական զենիթահրթիռային համալիրներ, զրահատեխնիկա եւ թուրքական բանակի համազգեստ են ստանում Թուրքիայից, հայտնում է «Ինտերֆաքսը»՝ հղում անելով ռուսական ռազմադիվանագիտական աղբյուրին։

«Գլխավոր տագնապն այսօր Իդլիբյան դեէսկալացիայի գոտում գրոհայինների կողմից շարժական զենիթահրթիռային համալիրների կիրառումն է։ Վերջին հինգ օրերի ընթացքում արդեն ոչնչացվել է սիրիական բանակի երկու ուղղաթիռ»,- ասել է գործակալության զրուցակիցը։

Նա նաեւ պատմել է, որ Թուրքիան Իդլիբում կենտրոնացրել է ավելի քան 70 տանկ, զրահատեխնիկայի մի մասը փոխանցվում է «Ջաբխատ ան Նուսրա» խմբավորման գրոհայիններին։

Բացի այդ, ըստ նրա, ահաբեկիչները ռազմական գործողություններին մասնակցում են թուրք զինվորականների տեսքով։

Աղբյուրի տվյալներով՝ գրոհայիններին մատակարարված ավելի քան 20 միավոր զրահատեխնիկա Իդլիբում այս շաբաթ ոչնչացվել է սիրիական բանակի կողմից։

Իդլիբի դեէսկալացիայի գոտում իրավիճակը վերջին ժամանակներս զգալիորեն սրվել է։ Թուրքիան սիրիական զորքերին մեղադրում է խաղաղ օբյեկտների եւ Իդլիբում թուրք զինվորականների վրա գրոհների մեջ եւ Դամասկոսից պահանջում է հանել ուժերը այդ գոտուց։

Ավելի վաղ, այս շաբաթ, Սիրիայում թշնամական կողմերի հաշտեցման ռուսական կենտրոնում հայտարարել էին, որ Իդլիբում կառավարական բանակի գործողությունը հարկադրված բնույթ է կրել եւ պայմանավորված է եղել նրանով, որ Թուրքիային չի հաջողվել կատարել Իդլիբի դեէսկալացիայի գոտու սահմանների երկայնքով ապառազմականացման գոտի ստեղծելու Սոչիի հուշագրի դրույթները։

Ռուսական կենտրոնում հայտարարել են, որ Սիրիայի բանակն իր վերահսկողության տակ է վերցրել М5 մայրուղու մի հատվածը, որը Հալեպը կապում է Դամասկոսի հետ, եւ հարվածել է ահաբեկչական ստորաբաժանումներին։ «Դրանով իսկ ստեղծվել է անվտանգության գոտի, ինչը նախատեսված էր 2018թ․ սեպտեմբերի 17-ի ռուս-թուրքական հուշագրով»,- հայտարարել են ռուսական կենտրոնում։