Հայաստանն ու Ղարաբաղը իսկապես պատրաստ են լեռնային-ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը։ Այս մասին Մյունխենյան անվտանգության համաժողովում Ղարաբաղի շուրջ քննարկման ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Մենք հավատարիմ ենք խաղաղ բանակցությունների գործընթացին, եւ դրանք պետք է անցնեն ԵԱՀԿ Մինսկի խմբի ձեւաչափով։ Մենք պատրաստ ենք իրական ջանքեր գործադրել, որպեսզի հասնենք հակամարտության կարգավորմանը։ Մենք պետք է հասնենք իրական բեկման բանակցությունների գործընթացում»,- հայտարարեց վարչապետը։

Փաշինյանի խոսքերով՝ այն բանից հետո, երբ ինքը վարչապետ է դարձել, հակամարտության լուծման գործընթացում «միկրոհեղափոխություն» է առաջարկել։ «Առաջինը՝ ես հայտարարել եմ, որ ղարաբաղյան հակամարտության լուծումը պետք է ընդունելի լինի Հայաստանի, Ղարաբաղի եւ Ադրբեջանի ժողովուրդների համար։ Ես առաջին առաջնորդն եմ, որ նշել եմ, թե լուծումը նաեւ Ադրբեջանի ժողովրդի համար պետք է ընդունելի լինի։ Ես նաեւ կոչ եմ արել սոցցանցերի օգտատերեր հայերին ու ադրբեջանցիներին հրաժարվել միմյանց հասցեին սպառնալիքներից, վիրավորանքներից։ Ես փորձել եմ ուղիղ դիմել ադրբեջանցիներին։ Ես դեմ չեմ, որ Ալիեւը դիմի հայերին։ Սակայն, Ադրբեջանի նախագահը հրաժարվում է խոսել ղարաբաղի ժողովրդի հետ։ Ինչպե՞ս կարելի է լուծել ղարաբաղյան խնդիրը՝ չխոսելով Ղարաբաղի ժողովրդի հետ»,- հայտարարեց Փաշինյանն՝ իր առաջարկություններն անվանելով «միկրոհեղափոխություններ»։

Ի պատասխան Ալիեւի այն ակնարկի, որ հարաբերությունները պետք է կարգավորվեն Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ, Փաշինյանը հիշեցրեց, որ Ադրբեջանը երկու անգամ պայմանագիր է կնքել հենց Ղարաբաղի հետ։

«Ինչ վերաբերում է Ղարաբաղի պաշտպանության բանակին, իմ որդին կամավոր մեկնել է ծառայելու Ղարաբաղում, որպեսզի պաշտպանի իր հայրենակիցներին»,- նշեց նա։