Կանադայի արտաքին գործերի նախարար Ֆրանսուա Ֆիլիպ Շամփանը հայտարարել է, որ ինքն ու իր գործընկերներն այն երկրներից, որի քաղաքացիները զոհվել են Թեհրանում ինքնաթիռի կործանման հետեւանքով, Մյունխենում հանդիպման ընթացքում Ճնշում են գործադրել Իրանի վրա փոխհատուցման հարցով, հաղորդում է CBC-ը:

Մյունխենում այդ երկրների նախարարները հանդիպել են Իրանի ԱԳ նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆի հետ, եւ ավելի ուշ կայացած մամուլի ասուլիսի ժամանակ Շամփանը հայտարարել է, որ հստակ հասկացրել են Զարիֆին, թե ինչ պետք է անի Իրանը:

«Մենք ճնշում ենք գործադրել Իրանի վրա արագ փոխհատուցման հարցում, որը պետք է տրամադրվի զոհերի ընտանիքներին՝ միջազգային չափանիշներին համապատասխան»,-ասել է Կանադայի ԱԳ նախարարը:

«Մենք կդատենք Իրանի մասին նրա գործողություններով, ոչ թե բառերով, եւ կշարունակենք հետեւողական աշխատանք տանել այդ ողբերգության զոհերի անունից, քանի դեռ բոլորի համար արդարությունը չի հաղթանակել»,-նշել է Շամփանը:

Կանադայի արտաքին գործերի նախարարը հավելել է, որ «փոխհատուցումները պետք է հավասար լինեն բոլորի համար» եւ որ «այդ գործընթացը պետք է մեկնարկի հնարավորինս արագ»: