Եվրամիությունը մեկ տարով երկարաձգել է զենքի էմբարգոն եւ Բելառուսի դեմ պատժամիջոցները: Սահմանափակող միջոցները կիրառվել են այդ երկրի 4 քաղաքացու նկատմամբ, հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով ԵՄ Խորհրդի հայտարարությանը:

«Խորհուրդը որոշել է երկարաձգել Բելառուսի դեմ պատժամիջոցները մեկ տարով՝ մինչեւ 2021 թվականի փետրվարի 28-ը»,- ասվում է հայտարարության մեջ:  

Փաստաթղթում նշվում է, որ Բրյուսելը երկարաձգել է նաեւ զենքի եւ ոստիկանական հատուկ տեխնիկայի էմբարգոյի գործողությունը, ինչպես նաեւ վիզային սահմանափակումները բելառուսցի 4 ուժայինների նկատմամբ՝ կապված «2 ընդդիմադիր քաղաքական գործիչների, մեկ գործարարի եւ մեկ լրագրողի չբացահայտված անհետացման հետ, որը տեղի է ունեցել 1999-2000 թվականներին»:

Բելառուսի եւ նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի նկատմամբ առաջին վիզային պատժամիջոցները ԵՄ-ն սահմանել է 2002 թվականին՝ կապված մարդու իրավունքների խախտումների հետ: Սակայն 2016-ի սկզբին ԵՄ-ն մասնակիորեն չեղարկել է պատժամիջոցները: Բրյուսելը չի երկարաձգել սահմանափակող միջոցները 170 պաշտոնյայի, այդ թվում Լուկաշենկոյի եւ 3 ընկերությունների դեմ, սակայն զենքի եւ ոստիկանական հատուկ տեխնիկայի մատարարարման էմբարգոն եւ վիզային սահմանափակումները ուժի մեջ են մնացել: