Սիրիական Իդլիբ նահանգում ռուս եւ թուրք զինվորականները մշտական կապի մեջ են, նրանց միջեւ լիարժեք փոխըմբռնում կա: Այս մասին երկուշաբթի օրը Մյունխենի անվտանգության խորհրդաժողովին մասնակցելուց հետո լրագրողներին հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
«Եւ Ռուսաստանի Դաշնության, եւ Թուրքիայի զինվորականները, որոնք գտնվում են Սիրիայի Իդլիբ նահանգում, անընդհատ կապի մեջ են եւ քննարկում են իրավիճակի փոփոխությունները: Նրանց միջեւ, ինչպես մենք լսել ենք մեր եւ թուրք զինվորականներից, լիարժեք փոխըմբռնում կա»,- ասել է նախարարը:

Նա հիշեցրել է, որ այսօր Մոսկվայում բանակցությունների եւս մեկ փուլ է ընթանում Ռուսաստանի եւ Թուրքիայի միջգերատեսչական պատվիրակությունների միջև: «Բոլոր փաստերը սեղանին են»,- ասել է Ռուսաստանի արտգործնախարարը: «Հուսով եմ, որ նրանք կկարողանան գաղափարներ ներկայացնել, որոնք թույլ կտան թուլացնել այս իրավիճակը [Իդլիբում]` Ռուսաստանի եւ Թուրքիայի նախագահների միջեւ ձեռք բերված պայմանավորվածությունների հիման վրա»:

Իրավիճակն Իդլիբում կտրուկ վատթարացել էր այն բանից հետո, երբ ռուս եւ թուրք զինծառայողները կրկին փորձել էին լռության ռեժիմ մտցնել: Ահաբեկչական հարձակումների արդյունքում ռազմական փորձագետներ էին մահացել Ռուսաստանից եւ Թուրքիայից: Սիրիական բանակը պատասխան գործողություններ էր նախաձեռնել ծայրահեղականների դեմ` փետրվարի 5-ին գրավելով Սարաքիբ քաղաքն Իդլիբի մերձակայքում: