«5-րդ ալիքի» նկատմամբ արշավը վաղուց է սկսվել, դեռ անցած տարվա կեսերին մենք զանգ ունեցանք վարչապետի աշխատակազմից, մեզ մեղադրեցին, որ չենք լուսաբանել վարչապետի փայլուն այցը Չինաստան, ընդամենը լուսաբանել ենք բադ ուտելու պրոցեսը: Այս մասին, այսօր՝ փետրվարի 17-ին, «Մամուլի հետհեղափոխական մարտահրավերները» խորագրով քննարկման ժամանակ նշեց «5-րդ ալիքի» գործադիր տնօրեն Հարություն Հարությունյանը:

«Ես ասացի, որ մենք չենք ունեցել լրագրող, օգտվել ենք վարչապետի ֆեյսբուքյան էջից, դա իրենք մեկնաբանում էին որպես հակաքարոզչություն: Ասածս այն է, որ չստանալով վարչապետի աշխատակազմից բավարար լրատվություն, մեզ մեղադրում են, երբ ինչ-որ բան իրենց քիմքին հաճելի չէ: Դրանից հետո եղան հայտնի պատմությունները, բայց մեր դեմ կազմակերպված արշավ ստեղծվեց այն պահից, երբ մենք հանդես եկանք որպես «5-րդ ալիք»,- նշեց նա:

Հարություն Հարությունյանն ասաց, որ այս քննարկումը շատ ոգեւորիչ է իր համար, քանի որ առաջ չկար այս համախմբումը. «Իշխանությունների թեթեւ ձեռքով մասնագիտական դաշտն էլ բաժանվել է սեւերի եւ սպիտակների: Ահավասիկ, ժուռնալիստների միությունը կազմակերպել է մի քննարկում, որին մասնակցում են ակտիվ գործունեությամբ զբաղվող միայն որոշ լրատվամիջոցներ»,- հայտարարեց նա:

Հարությունյանը խոսեց այն մասին, թե ինչ են իրենց հեռուստաընկերությանը պատասխանում իշխող ուժի ներկայացուցիչները, երբ նրանց կանչում են իրենց մոտ հարցազրույցի կամ դեբատի. «Մենք ունենք սքրինշոթեր, պահում ենք դրանք. մեզ ասում են՝ «գիտեք, մենք շատ ենք ուզում Ձեզ մոտ գալ, բայց մեր գլխին պատմություն կդառնա», «դուք, քանի որ ցույց եք տվել «Մարտի 1»-ի մասին ֆիլմ, մենք չենք կարող ձեզ մոտ գալ», «թող մի քիչ ժամանակ անցնի, հասկանանք՝ ինչ կլինի, հետո կորոշենք, շատ ենք ուզում գալ»: Այսինքն՝ մարդիկ ուզում են մեզ մոտ գալ, բայց արգելված է, խիստ հրահանգավորված են, որ չգան: Բանավեճերի պետք է չմասնակցեն, հարցազրույցների պետք է չմասնակցեն: Սա այսօր ազատ խոսքի, մամուլի ազատության մասին բարձրաձայնող իշխանությունների որդեգրած քաղաքականությունն է:

Այստեղ միանշանակ է, որ այսօրվա իշխանություններն ամենաշատը սարսափում են ճշմարտությունից, իրական խոսքից եւ իրենց համար շատ ավելի հեշտ է ստեղծել ֆեյքերի խմբավորումներ, որոնք կհարձակվեն տվյալ լրատվամիջոցի կամ լրագրողի վրա, նրա հասցեին ինչ-որ կուզենան, կասեն, քան իրենք գան եւ ներկայանան հարցազրույցի կամ բանավեճի»,- ասաց նա՝ հավելելով, որ ամենածանր իրավիճակում հայտնեվլ է TV5-ը:

«Խոսքի ազատության, տարիներ շարունակ լրագրության պաշտպան ՀԿ-ները ոչ միայն լռություն են պահպանում, նաեւ պաշտպանում են այն կարծիքը, որ շատ ճիշտ է, որ մեր ՀԸ տնօրենը ձերբակալված է, որովհետեւ մենք նեգատիվ լուրերի հեղինակներ ենք: Չգիտեմ՝ ով է որոշում, որ մենք նեգատիվ լուրեր ենք հրապարակում, կամ ով է որոշում, թե մենք ինչպես պետք է աշխատենք: Բայց այսօր մեր ՀԸ տնօրենը ապօրինի կալանավորված է, ես տեղյակ եմ գործի քննությանը եւ բացահայտ կարող եմ ասել՝ այս գործը ապագա չունի, եթե նույնիսկ դատարան հասնի: Այս ամբողջն արվում է  այն բանի համար, որ նա եւս մեկ կամ երկու ամիս մնա կալանքի տակ»,- նշեց նա:

Հարություն Հարությունյանը հավելեց, որ երբ ձերբակալվեց «Հ2»-ի սեփականատեր Սամվել Մայրապետյանը Սիլվա Համբարձումյանի ցուցմունքի հիման վրա, բոլորը հեղափոխությունից հետո դեռ տաք էին, չէին հասկանում՝ ինչ է կատարվում. «Հիմա մեր սեփականատիրող ամբողջ գույքն ապօրինի կալանքի տակ է, մենք ունենք պրոբլեմներ: Եկեք հասկանանք, որ այս ուխտը բոլորիս դռանը մի օր չոքելու է»:

Նա անդրադարձավ նաեւ դատարանում շշով հարվածելու գործին՝ նշելով, որ հարվածողը Արմեն Դավդյանը չի եղել. «Մենք գիտենք, թե ով է եղել հարվածողը, բայց այդ լրատվամիջոցին այդպես էր պետք գրել, որ Արմեն Թավադյանի վրա մի գործ էլ բացել»: