Հայաստանում փաստաբանների վրա ճնշումները տարատեսակ են եւ դրսեւորումները` բազմաթիվ: Այս մասին «Փաստաբանական գաղտնիքի պաշտպանությունը» քննարկման ժամանակ ասաց փաստաբան Արամազդ Կիվիրյանը` ՄԻԵԴ-ի նախադեպային իրավունքի տեսանկյունից:

Փաստաբանի խոսքով՝ դրսևորումների թվում են հասարակության որոշակի հատվածի կողմից փաստաբանների վրա հարձակումներ` կախված նրանից, թե ում են նրանք ներկայացնում: «Այսինքն, ճնշումը ուղղված է պաշտպանյալին, բայց տեղափոխվում է փաստաբանի վրա»,- պարզաբանեց փաստաբանը` հավելելով, որ որոշ դեպքերում նրանք անցում են վիրավորանքի: Մեկ այլ օրինակ է պետական ​​մարմինների գործողությունները կամ անգործությունը: Առաջինների թվում են ապօրինի գաղտնալսումները: «Որոշ դեպքերում հարձակումների հեղինակներ են դառնում ֆեյքերը, ինչը դժվարացնում է դատարան դիմելը, քանի որ մենք չգիտենք, թե ում հետ գործ ունենք»,- նշեց Արամազդ Կիվիրյանը:

Փաստաբան Սարգիս Գրիգորյանը նշեց, որ միջազգային բոլոր փաստաթղթերը հաստատում են փաստաբանական գաղտնիության պաշտպանության` դարերի խորքից եկող սկզբունքը: «Փաստաբանը չի կարող գործունեություն ծավալել, եթե կամունիկացիայի գաղտնիությունը երաշխավորված չէ գործնականում, այլ ոչ թե` ֆորմալ: Սա հենասյունն է, եւ ցանկացած ոտնձգություն կարող է ազդել արդարության վրա»,- ընդգծեց փաստաբանը:

Սարգիս Գրիգորյանը նշեց, որ, գաղտնի նամակագրության հետ մեկտեղ, պետք է պահվի նաեւ հեռախոսային խոսակցությունների գաղտնիությունը: Փաստաբանը շեշտեց, որ փաստաբանական գրասենյակը, ինչպես եւ ինքը` փաստաբանը, չի կարող խուզարկվել մասնագիտական պարտականությունների կատարման հետ կապված: Այսինքն` նպատակը չի կարող լինել փաստաբանին հայտնի գաղտնիքներն իմանալը: Բայց հետաքրքիրն այն է, հավելեց Գրիգորյանը, որ մինչ օրս փաստաբանական գաղտնիքի խախտման վերաբերյալ Հայաստանից ոչ մի դատական գործ չի ուղարկվել ՄԻԵԴ: Սա եւ՛ լավ է, եւ՛ վատ, ասաց Գրիգորյանը:

Փաստաբան Իրինա Դանիելյանը ներկայացրեց ՄԻԵԴ-ի մոտեցումները նամակագրության գաղտնիության հասկացությանը: «Սրա մեջ մտնում է ոչ միայն թղթային, այլ նաեւ համակարգչային նամակագրությունը, կրիչները: Ցուցակը համալրվում է տեխնոլոգիայի զարգացմանը զուգահեռ: Կարեւոր է հետեւյալ սկզբունքը` անկախ տեղեկատվությունը փոխանցելու միջոցից, կոմունիկացիան պետք է գաղտնի լինի»,- ընդգծեց փաստաբանը: