Մամուլի ազատության առումով Հայաստանը 2013 թվականից սկսած որակվել է եւ շարունակում է մնալ որպես խնդրահարույց երկիր. 2017-2019 թվականներին այդ համաթիվը մնացել է անփոփոխ: Այս մասին, այսօր՝ փետրվարի 17-ին, «Մամուլի հետհեղափոխական մարտահրավերները» խորագրով քննարկման ժամանակ նշեց «Իրավական ուղի» ՀԿ համահիմնադիր Սիրանուշ Սահակյանը:

Նրա խոսքով, մամուլին տրված է հանրային հսկիչի դերը եւ որպեսզի մամուլը կարողանա այս խնդիրները ւիրականացնել, պետք են նախադրյալներ. «Պաշտոնյաները պետք է պատրաստակամ լինեն ինֆորմացիա տալ եւ հաշվետվողական լինել իրեց գործունեության վերաբերյալ: Կարեւոր սկզբունք է թափանցիկությունը եւ լրագրողական աղբյուրի գաղտնիությունը: Որոշ երկրներում ատելության խոսքի դեմ նկատառումներից ելնելով են պահանջում տեղեկատվության աղբյուրը բացահայտել, կամ արգելափակում են խոսքի տարածումը: Որոշ դեպքերում կարող են համակարգչային տեղեկատվությանը հասանելիություն ունենալ՝ խուզարկությունների ձեւով: Դրանք բոլորը եղանակներբն են, բայց պահպանվող արժեքը լրագրողական աղբյուրի պաշտպանությունն է»,-ասաց Սահակյանը՝ հավելելով, դա իրավունք է, որը կարող է սահմանափակվել միայն ծայրահեղ դեպքերում:

«Միջազգային ստանդարտները շատ ավելի հեռուն են գնացել. Երբ լրագրողը կարողացել էր ձեռք բերել պետեկամուտների կոմիտեի բազան, որտեղ կային նաեւ հարկային գաղտնիք հանդիսացող, ինչպես նաեւ անհատական տվյալներ, բայց այդ տեղեկատվության հրապարակումն անհրաժեշտություն է եղել այդ համակարգում գործող դիրքի չարաշահման կոռուպցիոն երեւույթները բացահայտելու տեսանկյունից: Եվ երբ փորձ էր արվել լրագրողին ստիպելու բացահայտել աղբյուրը, լրագրողը հրաժարվել էր, ինչին հաջոդրել էր սանկցիայի կիրառում՝ ազատազրկման ձեւով: Նույնիսկ այս դեպքում ՄԻԵԴ-ը գտավ, որ չկար գերակա հանրային շահ սահմանափակելու լրագրողի իրավունքը»,-ասաց Սիրանուշ Սահակյանը:

Սահակյանը օրինակ բերեց, որ եղել են դեպքեր, երբ նույնիսկ զենքերի առևտրի բացահայտման անհրաժեշտությունից ելնելով են ցանկացել սահմանափակել լրագրողի տեղեկատվական աղբյուրի գաղտնիությունը, բայց ՄԻԵԴ-ը այս իրավիճակում կանգնել է լրագրողների կողքին:

Նա ընդգծեց, որ առեւտրային կամ հարկային գաղտնիքի բացահայտումը հանցագործություն է, բայց այդ հանցագործության սուբյեկտներ չեն կարող լինել լրագրողները, որոնք հանրային շահերից ելնելով ազդարարում են հանրության համար վտանգավոր երեւույթների մասին եւ որպես ծայրահեղ միջոց օգտագործում են գաղտնիք պարունակող տեղեկատվությունը. «Նույնիսկ ոչ օրինական կարգով ստացված տեղեկատվության օգտագործումը Եվրոպական դատարանը պաշտպանում է»: