Իրանը պատրաստ է Պարսից ծոցում անվտանգության վերաբերյալ բանակցություններին բոլոր կողմերի հետ, այդ թվում նաեւ` Սաուդյան Արաբիայի, լրագրողներին հայտնել է Իրանի արտգործնախարարի ավագ խորհրդական Մեհդի Սանային, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Իրանն առաջարկում է բանակցություններ վարել Սաուդյան Արաբիայի հետ` երկկողմ հարաբերությունների, տարածաշրջանային հարցերի շուրջ: Եվ նույնիսկ պատրաստ է դա բացատրել բոլորին եւ աշխատել բոլորի հետ` Հորմուզի պլանով Պարսից ծոցում անվտանգության ապահովման ուղղությամբ», - ասել է Սանաին: Նա նաեւ նշել է, որ տարածաշրջանային անվտանգությունը պետք է ապահովվի տարածաշրջանային նախաձեռնություններով:

Պարսից ծոցում իրավիճակի սրումը սկսվել էր այն բանից հետո, երբ հուլիսի 19-ին Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի նավատորմն իրանական տարածքային ջրերում կալանավորել էր Stena Impero բրիտանական լցանավը եւ ուղեկցել այն դեպի Բանդար-Աբաս նավահանգիստ: Stena Impero-ի հետ կապված միջադեպը Իրանի իշխանությունների փաստացի արձագանքն էր բրիտանական Զիբրալթարի իշխանությունների կողմից իրանական լցանավի կալանավորմանը: