Ավստրիան առաջարկում է ԵՄ սահմանապահների ուղարկել Լիբիա հակամարտության գոտում զենք մատակարարելու արգելքը պահպանելու համար: Նման առաջարկ է արել Ավստրիայի արտաքին գործերի նախարար Ալեքսանդր Շալլենբերգը Die Welt-ին տված հարցազրույցում:

Դիվանագետի խոսքով՝ համաձայնության դեպքում Ավստրիան պատրաստ է իր ներդրումն ունենալ այդ առաքելությունում:

«Լիբիայում սպառազինության մատակարարումներն իրականացվում են հիմնականում ցամաքային եւ օդային ճանապարհով»,- հայտարարել է նա՝ հավելելով, որ Ավստրիան նաեւ աջակցում է Լիբիայի օդային տարածքի պահպանումն ուժգնացնելու գաղափարին, որն ավելի վաղ առաջարկել էր արտաքին կապերի եվրոպական ծառայությունը:

Ակնկալվում է, որ լիբիական խաղաղ կարգավորումը կդառնա կարեւոր թեմա ԵՄ պետությունների ԱԳՆ ղեկավարների հանդիպման ժամանակ, որը կկայանա Բրյուսելում փետրվարի 17-ին:

Ավելի վաղ հաղորդվել է, որ ՄԱԿ-ի ԱԽ-ն կողմ է քվեարկել բանաձեւին, որը կոչված է ամրապնդելու խաղաղ կարգավորման պայմանավորվածությունները, որոնք ձեռք են բերվել Բեռլինում: Այդ բանաձեւի կետերից մեկն է հակամարտության գոտում զենքի մատակարարման արգելքը: