Հայտնի են դարձել գյուղատնտեսական ապահովագրության պայմանագրերի ստորագրման վերջնաժամկետները եւ այդ պայմանագրերի գործողության ժամկետները:

Ինչպես NEWS.am-ին հայտնեցին էկոնոմիկայի նախարարության մամուլի ծառայությունում, ծիրանի համար ապահովագրության մասին պայմանագրի ստորագրման վերջնաժամկետն է փետրվարի 21-ը (այս դեպքում պայմանագիրը կգործի մարտի 1-ից մինչեւ օգոստոսի 25-ը եւ կտարածվի կարկուտից եւ հրդեհից ռիսկերի վրա Արարատի, Արմավիրի, Կոտայքի, Տավուշի, Արագածոտնի եւ Վայոց ձորի մարզերում, ինչպես նաեւ գարնանային ցրտահարություններից ռիսկերի վրա՝ Արարատի եւ Արմավիրի մարզերում) եւ մարտի 25-ը (այս դեպքում պայմանագիրը կգործի ապրիլի 1-ից մինչեւ օգոստոսի 25-ը եւ կտարածվի միայն կարկուտից եւ հրդեհից ռիսկերի վրա Արարատի, Արմավիրի, Կոտայքի, Տավուշի, Արագածոտնի եւ Վայոց ձորի մարզերում):

Խաղողի դեպքում պայմանները նույնն են, բացի այն, որ պայմանագրի գործողության ժամկետը երկու դեպքում սահմանվում է մինչեւ հոկտեմբերի 30-ը:

Ցորենի եւ գարու դեպքում պայմանագրի ստորագրման վերջնաժամկետը մայիսի 1-ն է (պայմանագիրը գործում է ապրիլի 1-ից սեպտեմբերի 1-ը հրդեհի եւ կարկուտի ռիսկի դեպքում բոլոր մարզերում):

Խնձորի այգիների սեփականատերերի հետ պայմանագրի ստորագրման վերջնաժամկետն ապրիլի 20-ն է (պայմանագրի գործողության ժամկետը՝ մայիսի 1-ից հոկտեմբերի 10-ը, տարածվում է ամբողջ երկրի վրա եւ միայն կարկուտի դեպքում):

Դեղձի դեպքում գործում է 2 վերջնաժամկետ՝ փետրվարի 21-ը (պայմանագրի ժամկետը գործում է մարտի 1-ից հոկտեմբերի 10-ի գարնանային ցրտահարությունների դեպքում Արարատի եւ Արմավիրի մարզերում) եւ հոկտեմբերի 30-ը հրդեհի եւ կարկուտի դեպքում, սակայն արդեն ամբողջ երկրում: