Թբիլիսիում 82 տարեկանում կյանքից հեռացել է վրացի եւ սովետական հայտնի ռեժիսոր Գեորգի Շենգելայան, հայտնում է News-Georgia- ն:

Գեորգի Շենգելայան ծնվել է 1937 թվականի մայիսի 11-ին Մոսկվայում, ռեժիսոր Նիկոլայ Շենգելայայի ու Նատո Վաչնաձեի ընտանիքում։

1961 թվականին ավարտել է Ս. Գերասիմովի անվան կինեմատոգրաֆիայի համառուսաստանյան պետական համալսարանի ռեժիսորական ֆակուլտետը (Ալեքսանդր Դովժենկոյի ու Միխայիլ Ճիաուրելիի արվեստանոց), դիպլոմայինը պաշտպանել է 1963 թվականին։

1961 թվականից որպես ռեժիսոր աշխատել է «Վրացֆիլմ» կինոստուդիայում։ Ռեժիսորական արվեստանոց է վարում Թբիլիսիի Շոթա Ռուսթավելու անվան կինոյի ու թատրոնի ինստիտուտում։

1986 թվականին դարձել է Բեռլինի կինոփառատոնի մրցանակակիր «Ռեժիսոր» անվանակարգում: 1985 թվականին Գեորգի Շենգելայային շնորհվել է Վրացական ԽՍՀ ժողովրդական արտիստի կոչում։ 1991-1992 թվականներին եղել է Վրաստանի Պետխորհրդի անդամ։ 2001 թվականի մարտին Գեորգի Շենգելայան հիմնադրել է «Վազի վրացական կուսակցություն: Ռուսաստանի հետ միասին» քաղաքական կազմակերպությունը, որի ղեկավարն էր։

Գեորգի Շենգելայան ամուսնացած է եղել դերասանուհի Սոֆիկո Ճիաուրելիի (1937-2008) հետ։ Նրանք ունեցել են երկու որդի՝ Նիկոն, ով նկարիչ է, և Սանդրոն, ով դերասան է։