ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Վարոս Սիմոնյանն ընդունել է Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի (EBRD) Երեւանի գրասենյակի ղեկավար Դիմիտրի Գվինդաձեին։

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են ընթացիկ տարվա աշնանը Հայաստան-Եվրամիություն ներդրումային համաժողովի կազմակերպմանն ուղղված մի շարք հարցեր։

Դիմիտրի Գվինդաձեն պատրաստակամություն է հայտնել օժանդակություն ցուցաբերել Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի հետաքրքրությունների շրջանակներում գտնվող արտադրության, տեղեկատվական եւ հաղորդակցման տեխնոլոգիաների, ծառայությունների մատուցման, գյուղատնտեսության, զբոսաշրջության ոլորտների մասով, տրամադրել ծրագրային եւ ոլորտային գաղափարներ։

Նա տեղեկացրել է, որ Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկը բարձր մակարդակով կապահովի իր մասնակցությունը Հայաստան-Եվրամիություն ներդրումային համաժողովին։

Կողմերը կարեւորել են ներդրումային համաժողովի նախապատրաստման  ընթացքում Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի եւ ՀՀ էկոնոմիկայի նախարարության միջեւ հետագա եւ պարբերական հանդիպում-քննարկումների կազմակերպման անհրաժեշտությունը։