Իշխանությունները փորձում են սուտ մատնության հոդվածի կիրառությունը լայնացնել՝ կարճելով լրատվամիջոցների դեմ ռեպրեսիաներ կիրառելու ճանապարհը: Այս մասին Հայաստանի ժուռնալիստների միության կազմակերպած «Մամուլի հետհեղափոխական մարտահրավերները. սպասելիքներ եւ անելիքներ» թեմայով քննարկմանը հայտարարեց իրավաբան Ռոբերտ Հայրապետյանը:

Նրա խոսքով, եթե սուտ մատնությունը լրագրողների նկատմամբ լիներ այս կամ այն պաշտոնյան լրատվամիջոցին դատի չէր տա, այլ կգնար ավելի կարճ ճանապարհով՝ կտար հաղորդում սուտ մատնության հոդվածով եւ կսկսվեին ռեպրեսիաներ: «Դատի տալը ժամանակատար է: Երբ ընդլայնվի սուտ մատնության հոդվածի կիրառությունը, կվերանա զրպարտության եւ վիրավորանքի գործերով հայցերը լրատվամիջոցների դեմ: Սուտ մատնության հոդվածը մահակ է, որը փորձ է արվում ճոճել լրատվամիջոցների գլխին: Օրինակ՝ երբ ապաքրեականացվեց զրպարտության եւ վիրավորանքի հոդվածը, նպատակը հենց լրատվամիջոցների կամ լրագրողների նկատմամբ իշխանության ձեռքին եղած խաղաթղթերը սահմանափակելն էր»,-ասաց նա:

«Մենք հստակ նախադեպ ունենք, թե որ դեպքում լրատվամիջոցի հրապարակումը պետք է դիտարկել վիրավորանք, որ դեպքում՝ զրպարտություն: Ակներեւ է, որ գործող իշխանությունը կամ չի տիրապետում այդ նախադեպին, կամ, ըստ էության, մեկնաբանում է կամայականորեն, որովհետեւ մենք տեսնում ենք, որ իշխանության որոշ ներկայացուցիչներ զրպարտություն կամ վիրավորանք են ընդունում բացառապես իրենց համար անցանկալի թեմաները:

Խնամքով թաքցրած տեղեկատվության հրապարակումը գործող իշխանության շատ ներկայացուցիչներ դիտարկում են վիրավորանքի եւ զրպարտության պրիզմայով»,-նշեց Հայրապետյանը:

Անդրադառնալով Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախախար Սուրեն Պապիկյանի հայտարարությանը, թե «Հրապարակ» օրաթերթը հրապարակել է իր անձնական տվյալները, իրավաբանը նշեց, որ օրաթերթն ուղղակի հրապարակայնացրել է փաստը, որում չկա զրպարտող, պիտակավորող որեւէ երեւույթ: