ՀՔԾ քննիչը առարկություն է ներկայացրել ՀՀ Ազգային ժողովի նախկին նախագահ Արա Բաբլոյանի եւ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանի գործով դատախազի որոշման դեմ: Այս լուրը NEWS.am-ին հաստատեց  ՀՔԾ մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանը:

Նշենք, որ Դատախազությունը երկրորդ անգամ հետ էր ուղարկել ՀՔԾ Արսեն Բաբայանի եւ Արա Բաբլոյանի մեղադրանքները փոփոխելու եւ նոր մեղադրանքներ առաջադրելու համար:

Հիշեցնենք, ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանի դիմումի հիման վրա, հոկտեմբերի 28-ին ՀՔԾ-ում հարուցված քրեական գործի շրջանակում մեղադրանք էր առաջադրվել ԱԺ նախկին նախագահ Արա Բաբլոյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 300-րդ եւ 314-րդ հոդվածների հատկանիշներով՝ Սահմանադրական դատարանի լիազորություններին տիրանալու եւ պաշտոնական կեղծիքի համար։

Գլխավոր դատախազությունն այսօր երկրորդ անգամ չհաստատեց Արա Բաբլոյանի գործով մեղադրական եզրակացությունը եւ գործն ուղարկեց ՀՔԾ՝ լրացուցիչ քննության՝ նշելով, որ համաձայն չէ արարքի որակման հետ։ Մասնավորապես՝ ըստ դատախազության մեղադրանք պետք է առաջադրվի ոչ թե ՍԴ լիազորություններին տիրանալու, այլ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար։