Ոստիկանությունը շարունակում է թմրանյութերի օգտագործման եւ անօրինական շրջանառության դեմ հետեւողական պայքարը` համագործակցելով պետական տարբեր կառույցների հետ: Նման փոխգործակցության արդյունքում օրերս Հայաստան ապօրինի թմրամիջոց ներկրելու հերթական դեպքը կանխվեց:

Փետրվարի 14-ին քրեական ոստիկանության գլխավոր վարչության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության ծառայողները, Ազգային անվտանգության ծառայության եւ ոստիկանության Մաշտոցի բաժնի ծառայողների հետ համատեղ, մաքսանենգ ճանապարհով Հայաստան թմրամիջոց ներկրելու, պահելու եւ օգտագործելու կասկածանքով, Շինարարների փողոցից ոստիկանության Մաշտոցի բաժին բերման ենթարկեցին Երեւանի 28-ամյա մի բնակչուհու:

Անձնական խուզարկությամբ նրա ձեռքի փոստային ծրարում հայտնաբերվեց չորացված կանաչավուն զանգված:

Համապատասխան միջոցառումների, նաեւ դատաքիմիական փորձաքննության արդյունքում պարզվել է, որ հայտնաբերված զանգվածը դիմէթիլտրիպտամին թմրամիջոց է, որը բերման ենթարկված կինը ձեռք էր բերել Լեհաստանում գործող ինտերնետային կայքերից մեկի միջոցով:

Փետրվարի 15-ին իրավապահները խուզարկությամբ նրա բնակարանից հայտնաբերեցին 125 հատ «LSD» թմրամիջոց, չորացված, մանրացված կանաչավուն զանգված, 2 կաթուցիչ` մոխրացած զանգվածով:

Հետագա միջոցառումներով պարզվել է, որ 2019 թ. նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին 28-ամյա կինը բջջային հավելվածի իր անձնական էջում տեղադրված հայտարարության միջոցով թմրամիջոցն իրացրել է Երեւան քաղաքում անհայտ անձանց:

Հանգամանքները պարզվում են:

Բերման ենթարկված կինը կալանավորվել է:

Հարուցված քրեական գործի նախաքնությունը շարունակվում է: