Երբ փաստաբանության մասին օրենքը բախվում է քրեական դատավարության օրենսդրության որոշակի նորմերի հետ, գործում են քրեական դատավարության նորմերը, ինչն էլ բերում է փաստաբանների անպաշտպանության։ Այս մասին «Փաստաբանական գաղտնիքի պաշտպանություն» քննարկման ժամանակ ասաց փաստաբան Լուսինե Սահակյանը։

Փաստաբանը ներկայացրեց նորմերի բախման մեկ օրինակ, երբ Փաստաբանության մասին օրենքի խախտմամբ ոչ փաստաբան հանդիսացող անձինք են դատարանում ներկայացուցչություն իրականացնում։

«Արդյունքում ստացվում է, որ փաստաբանի ու այդ անձանց միջեւ ոչ հավասար պայմաններ են ստեղծվում դատարանում։ Այդտեղ էլ կան փաստաբանների հետ կապված կոնկրետ խնդիրներ, երբ  խոչընդտներ են ստեղծվում փաստաբանական գործունեության համար, բայց քանի որ կա նորմերի բախում, դատարանները ղեկավարվում են քրեական դատավարության օրենսդրությամբ»,- ասաց նա՝ նշելով, որ փաստաբանները պետք է պայքարեն, որ քրեական դատավարության օրենսգիրքը լրացվի փաստաբանության մասին օրենքում սահմանված նորմերով․ «Եթե դրանք չեն գործում, մենք փաստաբանության մասին օրենքով այնքան էլ պաշտպանված չենք լինում»։

Անդրադառնալով պետական մարմինների կողմից փաստաբանական գաղտնիք հանդիսացող տեղեկատվությանը միջամտությանը՝ փաստաբանը կարծիք հայտնեց, որ նման գործողությունները պետք է անհետեւանք չմնան, ինչն էլ անհրաժեշտ է սահմանել քրեական դատավարության օրենսդրությունում։

«Տարօրինակ իրավիճակ է։ Փաստաբանական գաղտնիքը հրապարակվում է, իրենք տեղեկանում են փաստաբան եւ վստահորդ, փաստաբան եւ պաշտպանյալ փոխհարաբերություններից, արդեն իմացան ամբողջ գաղտնիքը, օգտագործեցին այդ գաղտնիքը, հետո ոչ մի հետեւանք չկա։ Իրենք պետք է իմանան, որ եթե նման գործողություն կատարեցին, դա ունենալու է հետեւանք։ Այս առումով գուցե զգույշ լինեն, բայց հիմա զգույշ լինելու ոչ մի խնդիր չկա։ Տեսնում ենք, որ դատարանն էլ թույլ է տալիս խուզարկություն կատարել փաստաբանական գրասենյակում։ Արգելքը կա փաստաբանության մասին օրենքում, բայց գրասենյակում խուզարկություն կատարելու փորձեր է արվում։ Ուստի մենք պետք է հասկանանք, որ օրենսդրորեն էլ կա այդ խնդիրը»,- ասաց նա՝ միեւնույն ժամանակ նշելով, որ փաստաբանների նկատմամբ ներկա ճնշումները թույլատրելի չեն անգամ ներկա օրենսդրական բացերի պարագայում։