Դուրս եկա պատշգամբ, որպեսզի լվացքը հավաքեմ,  2 հատ մեծ քար ընկավ, մեկն այս կնոջ թեւի ուղղությամբ, մյուսը՝ իմ։  Այս մասին այսօր՝ փետրվարի 17–ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց Վարդաշեն 68ա հասցեով շենքի բնակիչներից մեկը, որի վրա նախօրեին քարերի կտորներ էին ընկել։

Նրա խոսքով՝  շենքում, անմարդկային պայմաններում  ապրում են հաշմանդամության խնդիր ունեցողներ, երեխաներ, տարեցներ. «Մենք մեղք ենք, մենք էլ ենք ուզում ապրել։ Պարոն վարչապետ, պարոն նախագահ, խնդրում եմ, մեզ բնակարաններով ապահովեք։ Շենքը վերցրեք, ինչ կանեք–կանեք, մենք էլ չենք կարող այստեղ ապրել։ Հնարավոր չէ այս շենքում ապրել, փախչե՞նք, ի՞նչ անենք, ո՞ւր գնանք, կախվե՞նք, ինքնասպան լինե՞նք այս շենքի վիճակից»։

Ըստ  բնակիչներից մեկի՝   շենքը կառուցվել է 1970–ական թվականների սկզբին, բայց ոչ մի հարմարություն  ի սկզբանե չի եղել, իսկ այսօր վիճակն արդեն  անմխիթար է։

«Բնակիչների համար չկան կոմունալ հարմարություններ։ Մարդիկ չեն կարողանում լողանալ, զուգարանից օգտվել», ասել է բնակիչը։

Նշված խնդիրներից բացի, շենքում վխտում են միջատներ եւ կրծողներ։

«Էլ առնետներ, կատուներ, շներ, էլ կարիճներ։ Գիշերը, որ գաք, լույսը վառեք, կտեսնեք խավարասերները սեղանի վրա շքերթ են կազմակերպել։ Մի 2 ամիս առաջ էլ իմ գլխին էին ընկնելու քարաբեկորները, հազիվ փախել եմ։ Մեր հիմնական խնդրանքն ու պահանջը վերաբնակեցումն է», ասել է նա։