Խոշոր տեխնոլոգիական ընկերությունները կարող են ավելի խիստ կանոնների ու տուգանքների բախվել Եվրոպայում, եթե նրանց չհաջողվի համաչափ հակահարված տալ ատելության արտահայտություններին եւ ապատեղեկատվությանը։ Այս մասին Facebook-ի հիմնադիր Մարկ Ցուկերբերգի հետ Բրյուսելում բանակցություններից հետո հայտարարել է արդյունաբերության հարցերով եվրահանձնակատար Թիերի Բրեթոնը, հայտնում է AFP-ը։

«Եթե բոլոր հարթակները, որոնք աշխատում են եվրոպական մայրցամաքում, չպահպանեն այն պայմանները, որ ես հենց նոր շարադրեցի, այո, մենք ստիպված կլինենք ավելի կոշտ միջամտել»,- ասել է Բրեթոնը լրագրողներին։

Նա նախազգուշացրել է, որ նոր օրենսդրությունը կարող է շատ ավելի կոշտ լինել տեխնոլոգիաների հանդեպ։ Այս նոր կանոնները «կարող են պարտադիր լինել, որպեսզի խուսափենք նման չարաշահումներից, որովհետեւ դրանք վիրավորական են», ասել է Բրեթոնը։

Նրա խոսքերով՝ Թվային ծառայությունների մասին օրենքի ընդունումը մինչեւ տարվա վերջը կարող է իրական հետեւանքներ ունենալ այնպիսի ընկերության համար, ինչպիսին Facebook-ն է, որը մինչեւ հիմա ինքնուրույն է կարգավորել իր գործունեությունը։

Մարկ Ցուկերբերգը ընդգծել է հարթակներում ատելության արտահայտությունների եւ ապատեղեկատվության լավագույն վերահսկողության կարեւորությունը, սակայն առանց խոսքի ազատության սահմանափակման։