Փաշինյան-Ալիև հանդիպման ձևաչափը բացարձակ արդյունավետ չէր, եթե նպատակը կարգավորման և լուծման մասին խոսելն էր, որովհետև ինչպես տեսանք այդ 50 րոպե փոխհրաձգությունից, շատ քիչ խոսվեց բուն կոնֆլիկտի ապագայի մասին, ավելի շատ կենտրոնացել էին պատմական էքսկուրսի մեջ, և արդյունավետությունը մինիմալ էր մեզ համար: Այս մասին 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասել է Ադրբեջանի հարցերով փորձագետ Անժելա Էլիբեգովան։

«Հիմնական հարցականները, որ առաջացրեց այդ դիսկուրսը. առաջին՝ ռուս լրագրողը հարցրեց՝ ռուսական կողմն առաջարկ է արել փուլային տարբերակի, կողմերն ինչպես են դրան վերաբերվում, Ալիևը ողջունեց, խոսեց փուլային տարբերակի՝ Ադրբեջանի համար նախընտրելի լինելու մասին, և մենք գիտենք, որ դա միշտ այդպես է եղել. Ադրբեջանը միշտ կողմնակից է եղել փուլային տարբերակին, հայկական կողմը՝ փաթեթայինին: Եվ ակնկալում էինք, որ Նիկոլ Փաշինյանը պետք է հակադարձի դրան և հիմնավորված ներկայացնի՝ ինչու փուլային տարբերակն ընդունելի չէ հայկական կողմի համար: Փոխարենը՝ Փաշինյանը խոսեց ինչ-որ միկրոհեղափոխությունների քայլերով առաջ գնալու, փաստացի, ինչ-որ փուլային քայլերի մասին: Այսինքն՝ տպավորություն ստեղծվեց, որ մենք կամ դեմ չենք այդ փուլային տարբերակին, և այդ տրամաբանությամբ են գնալու բանակցությունները, կամ դեմ ենք, բայց դրա մասին չբարձրաձայնվեց ո՛չ հանդիպման ժամանակ, ո՛չ հետո՝ Մյունխենյան սկզբունքների մեջ», ասել է նա:

Ըստ ադրբեջանագետի՝ Նիկոլ Փաշինյանը Մյունխենյան սկզբունքներում նշում է, որ Արցախը և Հայաստանը պատրաստ են երեք ժողովուրդների համար ընդունելի լուծման տարբերակ գտնելուն. «Բայց ես վստահ չեմ, որ պատրաստ ենք: Միգուցե, միջազգային հանրության համար հարմար է նման մեսիջ տալը, որ մենք կառուցողական կերպով պատրաստ ենք ադրբեջանցիների համար հարմար լուծում գտնելու, բայց ներքին լսարանի համար դա վտանգավոր թեզ է, որովհետև արդեն հասունանում է դիսկուրս, որ եթե չեք ուզում, որ առաջնագծում լինեն զոհեր, ուրեմն՝ պետք է գտնել ադրբեջանցիներին հարմար տարբերակ: Ես կողմնակից եմ, որ Արցախի հարցի լուծման տարբերակը պետք է լինի հայկական երկու պետությունների համար ընդունելի և պարտադրվի Ադրբեջանին: Իրենց համար ցանկացած հարմար լուծման դեպքում մենք ունենալու ենք շատ ավելի շատ զոհեր: Իրենք իրենց մոտեցման մեջ որևէ կոմպրոմիսի պատրաստ չեն, և Իլհամ Ալիևը դրա մասին բացահայտ խոսեց Մյունխենում՝ բացարձակ չամաչելով և չկաշկանդվելով դրանից»:

Խոջալուի վերաբերյալ Ադրբեջանի նախագահի հայտարարություններին ի պատասխան` Հայաստանի  վարչապետի՝ Մութալիբովի հարցազրույցի հիշատակման առնչությամբ, Էլիբեգովան ասել է, մենք տարիների ընթացքում ունենք ահռելի մեծ փաստավավերագրական բազա, որի տեղն, ըստ նրա, բոլորը գիտեն.

«Ամբողջ այդ բազան ստեղծված է, ընդամենը պետք է կարդալ, ծանոթանալ և հղում չանել Մութալիբովի այն հարցազրույցին, որից այդ մարդը հրաժարվել է: Ակնհայտ էր, չէ՞, որ Ալիևը այդ թեման բարձրացնելու է: Եթե ինձ նախապես հարցնեիք՝ ինչի՞ մասին է խոսելու Ալիևը, ես թեզերով ամբողջը կտայի, որովհետև իրենց քարոզչական թեզերը տարիներ շարունակ չեն փոխվում, ստանդարտ են, ու ինքը ստանդարտ այդ թեզերով էլ անցավ: Ուղղակի պետք էր մեկը տասին պատասխան տալ, իսկ մենք այդ մեկը տասին պատասխան տալու ամբողջ փաստագրական բազան ունենք»:

Մյունխենյան հանդիպումից Ադրբեջանում, Անժելա Էլիբեգովայի խոսքով, ցնծության մեջ են. «Ուղղակի երջանկացած են այդ հանդիպման արդյունքներով: Իրենց քարոզչությունն իրենց կերակրում է և մատուցում է, որ տեսեք՝ տասով զրո արեցինք: Մեզ մոտ էլ են ասում՝ տասով զրո արեցինք, այնտեղ էլ, արդյունքում՝ բովանդակային մասը չի քննարկվում և մնում է ստվերում»: