Թուրքիայի դատախազության մարմինները 98 մարդու ձերբակալության օրդեր են տվել, որոնց կասկածում են «Ֆեթուլլահականների ահաբեկչական կազմակերպության» (ՖԵՏՕ) հետ կապերի մեջ, որին Անկարան մեղադրում է 2016 թվականի հուլիսի հեղաշրջման փորձի կազմակերպման մեջ: Haberturk հեռուստաալիքը հայտնում է, որ 33 մարդ Թուրքիայի արդարադատության նախարարության գործող աշխատակից է:

Նախարարության աշխատակիցների ձերբակալության շուրջկալները միաժամանակ սկսվել են երկրի 15 նահանգներում, այդ թվում՝ Անկարայում: Ներկայումս ձերբակալված է 71 կասկածյալից 50-ը: Օրդերներ են տրվել ոչ միայն գերատեսչության 33 հաստիքային աշխատակիցների համար, այլեւ տեխնիկական անձնակազմի, անվտանգության աշխատակիցների եւ այլ անձանց համար, որոնք արդարադատության նախարարությունում պայմանագրով էին աշխատում:

Դրան զուգահեռ՝ եւս 11 նահանգներում ձերբակալություններ են կատարվել Ադանա նահանգի իշխանությունների կողմից քննվող գործով: 27 մարդու կասկածում են ոստիկանությունում պաշտոնավարելու քննությունների արդյունքների նենգափոխման մեջ: Նրանք ձերբակալվել են եւ հարցաքննության տարվել, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

Հիշեցնենք, որ 2016 թվականի հուլիսի 15-ին Թուրքիայի ԶՈՒ մի խումբ զինվորներ եւ սպաներ նախաձեռնել էին պետական հեղաշրջման փորձ: Հիմնական դիմակայությունը ծավալվել էր Ստամբուլում եւ Անկարայում, զոհվել էր 250 մարդ՝ չհաշված խռովարարներին, ավելի քան 2 հազար մարդ վիրավորվել էր: Անկարան հեղաշրջման նախապատրաստման մեջ մեղադրում է իսլամի քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենին եւ նրա հետ կապված ՖԵՏՕ-ին: