Իրանն ութ մարդու ազատազրկման է դատապարտել ԱՄՆ-ի օգտին լրտեսության համար: Այս մասին երեքշաբթի լրագրողներին հայտնել է Իրանի Գերագույն դատարանի պաշտոնական ներկայացուցիչ Գոլյամ Հոսեյն Իսմայիլին, փոխանցում է ՏԱՍՍ-ը` վկայակոչելով ISNA-ն:

Իսմայիլը թվարկել է Իրանի ութ քաղաքացիների անունները, որոնք 6-ից 10 տարվա ազատազրկման են դատապարտվել` «ԱՄՆ կառավարության հետ համագործակցության համար»:

Պաշտոնյան նշել է, որ, «այսպես կոչված, բնապահպանական գործով ամբաստանյալները, ըստ իրանական դատական իշխանությունների, այնպիսի գործողություններ են կատարել, որոնք սպառնում են ազգային անվտանգությանը»: «Դատավճիռը հաստատվել է վերաքննիչ դատարանում, եւ այն վերջնական է»,- հավելել է նա:

Ըստ արևմտյան լրատվամիջոցների` ամբաստանյալները ձերբակալվել են մոտ երկու տարի առաջ: Ընդ որում, նրանցից ոմանք, բացի իրանականից, ունեն նաեւ ԱՄՆ-ի եւ Մեծ Բրիտանիայի քաղաքացիություն:

Թեհրանի եւ Վաշինգտոնի միջեւ հարաբերությունների սրման կապակցությամբ Իրանում արշավ է իրականացվում օտարերկրյա գործակալների հայտնաբերման ուղղությամբ: Այդպես, 2019-ի հոկտեմբերի 1-ին երկրի քաղաքացու նկատմամբ մահվան դատավճիռ էր կայացվել` ԱՄՆ-ի օգտին լրտեսության համար: Բացի այդ, 2020 թվականի փետրվարի 4-ին Իրանի քաղաքացին մահվան էր դատապարտվել՝ միջուկային ծրագրի ոլորտում Վաշինգտոնի օգտին լրտեսության համար: