Մեր զինված ուժերը որեւէ ինքնասպանության կամ ինքնասպանության դրդման դեպք պետք է տեղի չունենա: Այս մասին, այսօր՝ փետրվարի 18-ին, ԱԺ-ում լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, Պաշտպանության և անվտանգության  հարցերով հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը:

«Մենք պետք է հասնենք դրան, բանակում ձեւավորենք այնպիսի մթնոլորտ, որտեղ հրամանատար-զինվոր, զինվոր-զինվոր հարաբերություններում գերիշխի միայն եղբայրության սկզբունքը՝ հիմնված կանոնակարգային հանաջների վրա; Ախպերության սկզբունքը բանակում անելիք չունի»,-ասաց նա:

Անդրանիկ Քոչարյանը նշեց, որ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանի հետ քննարկել են նաեւ այսպես կոչված, էլիտար զորամասերի հարցը. «Արցախի պաշտպանության բանակում բոլոր զորամասերը մենք գնահատեցինք որպես էլիտար իրենց մարտական խնդրի պայմաններում:

Այն զորամասը, որտեղ եղավ ինքնասպանություն, այդ զորամասը իր մարտական էլիտար բնույթով, նաեւ որպես լավագույն զորամաս, չարժի, որ մենք նրա էլիտարությունը դիտենք այլ հոգեբանական նկարագրի մեջ, այլ դիտենք իր մարտական խնդրի մեջ»:

Այդուհանդերձ, Անդրանիկ Քոչարյանը խոստովանեց, որ ցանկացած զորամասում էլ կան անհավասարության դրսեւորումներ, որը ծնում է նման դեպքեր: «Մենք հենց այդ հարցերն ենք քննարկել: Սովորական հեռախոսը կարող է դառնալ անհավասարության գործոն, կամ ինչ-որ մեկի երեխա լինելը: Հրամանտարը պետք է լիարժեք զգա իրեն այն կառավարման մշակույթի մեջ, որը տրված է օրենքով: Համար մեկ պատասխանատուն զորամասում հրամատարն է: Հրամանատարներին պետք է տալ հնարավորություն, որպեսզի խնդիրները կարողանան լուծել»:

Հարցին, թե ինչու են մահվան ելքով միջադեպերը գրանցվում հենց Արցախի պատպանության բանակում, Անդրանիկ Քոչարյանը այդ հարցը շատ վտանգավոր համարեց, քանի որ Հայաստանի եւ Արցախի բանակները մեկ ամբողջություն են. «Արցախում մարտական խնդիրներն ավելի շատ են, որոնք պետք է լուծվեն անթերի: Բայց մենք ունենք նաեւ հարաբերություններ, որոնք ձեւավորվել են տեւական ժամանակ, եւ մեր խնդիրն է հասնել դրանց առողջացմանը: Դրա մեջ է լինելու մեր ապագա հաջողությունների գրավականը:

Չկա Հայաստանի ու Արցախի անջատված անվտանգության համակարգ: Ով այդ մասին խոսում է, իմացեք, թշնամուն հնարավրություն է տալիս իրեն ավելի ինքնավստահ զգա մեզ հետ ռազմական հարաբերություններում: Վստահաբար ասում եմ՝ որեւէ սարքված հանցագործություն այս հանցակազմերի մեջ գոյություն չունի»: