Փետրվարի 18-ին Հայաստանյայց Առաքելական Ս. Եկեղեցին տոնախմբեց Ս. Ղեւոնդյանց քահանաների տոնը, որի առիթով Մայր Աթոռ Ս. Էջմիածնում էին համախմբվել Հայոց Եկեղեցու տարբեր թեմերում ու կառույցներում սպասավորող 237 եկեղեցական:

Տոնի առիթով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախագահությամբ, տեղի ունեցավ քահանաների պարգեւաբաշխման արարողություն:

Տերունական աղոթքից հետո ներկաներին ողջունեց քահանաների հավաքի կազմակերպիչ Գերաշնորհ Տ. Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը: Սրբազան Հայրը, շնորհավորելով Նորին Սրբությանը եւ ողջ հոգեւորականաց դասին բերկրառատ տոնի առիթով, մաղթեց, որ Ղեւանդյանց քաջարի ոգին շարունակի գործել նաեւ այսօր, քանի որ հայրենիքի եւ եկեղեցու առջեւ ծառացած են բազմաթիվ մարտահրավերներ ու սպառնալիքներ, եւ հոգեւորականների կոչումն է պայքարել դրանց դեմ:

Այնուհետեւ տեղի ունեցավ ավանդական պարգեւաբաշխությունը: Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ ավագության պատիվ շնորհվեց Արմավիրի թեմից Արժանապատիվ Տ. Ստեփանոս քահանա Մելիքյանին։ Ծաղկյալ փիլոն կրելու իրավունքի արժանացան Արցախի թեմից Արժանապատիվ Տ. Մատթեոս քահանա Դրավանցը եւ Տ. Մեսրոպ քահանա Մկրտչյանը, Շիրակի թեմից Արժանապատիվ Տ. Վարագ քահանա Հակոբյանը, Արժանապատիվ Տ. Ստեփանոս քահանա Ավետիսյանը եւ Արժանապատիվ Տ. Հովհաննես քահանա Ալեքսանդրյանը, Գեղարքունիքի թեմից Արժանապատիվ Տ. Գեւորգ քահանա Տեր-Բարսեղյանը եւ Արժանապատիվ Տ. Սիմոն քահանա Տեր-Մկրտչյանը, Արագածոտնի թեմից  Արժանապատիվ Տ. Գարեգին քահանա Արսենյանը, Արմավիրի թեմից Արժանապատիվ Տ. Գեւորգ քահանա Կրտիկաշյանը եւ Արժանապատիվ Տ. Տաթեւ քահանա Կիրակոսյանը, Ռուսաստանի եւ Նոր Նախիջեւանի հայոց թեմից Արժանապատիվ Տ. Կիրակոս քահանա Աղոսյանը, Արժանապատիվ Տ. Շահան քահանա Մովսիսյանը, Արժանապատիվ Տ. Թադեոս քահանա Տերտերյանը, Արժանապատիվ Տ. Արիստակես քահանա Հովհաննիսյանը, Արգենտինայի հայոց թեմից Արժանապատիվ Տ. Եղիշե քահանա Նազարյանը, Բայթյան երկրների հայոց թեմից Տ. Խոսրով քահանա Ստեփանյանը: Լանջախաչ կրելու իրավունքի արժանացան Մայր Աթոռից  Արժանապատիվ Տ. Անդրանիկ քահանա Սարգսյանը, Եկեղեցական-ժողովական գրասենյակի պատասխանատու Արժանապատիվ Տ. Տիգրան քահանա Բադիրյանը, Վեհարանի Ընդհանուր բաժնից (արդեն Արգենտինայի հայոց թեմից)  Արժանապատիվ Տ. Տրդատ քահանա Օհանյանը, Ինտերնետային ծառայությունների գրասենյակից  Արժանապատիվ Տ. Երվանդ քահանա Երանյանը, ՀՀ ԶՈՒ Հոգեւոր Առաջնորդությունից Արժանապատիվ Տ. Երեմիա քահանա Սարգսյանը եւ Արժանապատիվ Տ. Հովհաննես քահանա Մաթեւոսյանը, Արարատյան Հայրապետական թեմից Արժանապատիվ Տ. Եղիշե քահանա Նուրիջանյանը, Արագածոտնի թեմից Արժանապատիվ Տ. Արամ քահանա Ասատրյանը, Արցախի թեմից Արժանապատիվ Տ. Մեսրոպ քահանա Խունոյանը եւ Տ. Արամ քահանա Թիլիքյանը, Ռուսաստանի եւ Նոր Նախիջեւանի հայոց թեմից Արժանապատիվ Տ. Զավեն քահանա Հայրապետյանը, Արժանապատիվ Տ. Աբգար քահանա Աբգարյանը, Արժանապատիվ Տ. Սիոն քահանա Հայրապետյանը եւ Հարավային Ռուսաստանի հայոց թեմից Արժանապատիվ Տ. Նաիրի քահանա Գեւորգյանը:

Հավարտ պարգեւաբաշխությունների Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր օրհնությունն ու հայրապետական պատգամը փոխանցեց արարողության մասնակիցներին։ Շնորհավորելով ներկաներին Ս. Ղեւոնդյանց տոնի առիթով` Նորին Սրբությունը նշեց, որ այս տոնը նվիրումի, արիության ու նախանձախնդրության  դրսեւորման լավագույն օրինակն է, որ ի գործ է դրվել քահանայից դասի կողմից մեր հայրենքի պահպանման գործում, եւ որը վերստին ոգեշնչման ու գոտեպնդման կոչ է` ուղղված ծառայության մեջ գտնվող ողջ հոգեւոր դասին:

Անդրադառնալով մեր օրերում եկեղեցականների ծառայությանը եւ հայոց ազգի հոգեւոր կյանքին` Հայոց Հովվապետն արձանագրեց, որ այսօր էլ առկա են բազում մարտահրավերներ մեր ժողովրդի ու Եկեղեցու առջեւ եւ այս առումով,  Ղեւոնդյանց քահանայից օրինակն առաջնորդող է եկեղեցականների համար: Նորին Սրբությունը գոհունակությամբ հաստատեց, որ այսօր էլ հայոց հոգեւոր դասը նույն նվիրումով, արիությամբ ու հանձնառու ոգով շարունակում է պաշտպան կանգնել մեր հավատքին, սրբություններին, հոգեւոր ու ազգային արժեքներին:

«Մխիթարություն ենք ապրում` տեսնելով նախնյաց քաջարի ոգու դրսեւորումներն այսօրվա եկեղեցականների ծառայության մեջ: Այսպիսի  ոգու դրսեւորումով է, որ մենք պետք է կարողանանք երաշխավորել  մեր հավերժական ընթացքը դեպի նոր ժամանակներ», -ընդգծեց Հայոց Հովվապետը` պատգամելով  արժանի մշակներ լինել ինչպես մեր նախնյաց, այնպես էլ գալիք սերունդների համար եւ կերտել մեր ժամանակների եկեղեցականաց եւ եկեղեցու փառքը:

Վերջում Գարեգին Երկրորդ Հայրապետը նաեւ իր գնահատանքը բերեց թեմակալ առաջնորդներին եւ քահանայից դասին ջանադիր աշխատանքի համար` հայցելով Սուրբ Հոգու հարատեւ առաջնորդությունը նրանց սրբազան առաքելության մեջ: