Ստամբուլի դատարանն արդարացրել է հայտնի գործարար Օսման Քավալային` 2013-ին զանգվածային բողոքի ցույցերի ընթացքում կառավարության տապալման նպատակով դավադրության մեղադրանքով, հայտնում է Bloomberg-ը:

Ինը մեղադրյալներն ազատ են արձակվել, իսկ արտերկրում բնակվող այլ անձանց համար ձերբակալման որոշումները չեղարկվել են: Այս գործով մյուս մեղադրյալներն են դերասան Մեհմեթ Ալի Ալաբորան եւ լրագրող Զան Դունդարը, որոնք լքել են երկիրը: Քավալան երկու տարի անցկացրել է բանտում` մինչ նրա գործը քննվում էր: Նա բանտարկված միակ մեղադրյալն էր: Նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր, որ Քավալան միլիարդատեր Զորջ Սորոսի գլխավորած դավադրության «տեղացի դավաճանն է»: 

Խոսքը Ստամբուլի Գեզի պարկում շինարարության դեմ բողոքների մասին է: Բողոքի ցույցերն արագորեն վերածվեցին Էրդողանի կառավարմանն ուղղված ամենամեծ մարտահրավերի, որն այդ ժամանակ զբաղեցնում էր վարչապետի պաշտոնը: