Ազգային ժողովում այսօր՝ փետրվարի 18-ին, Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի հանձնաժողովի նիստի ժամանակ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Գրիգորյանը ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանին հարցրեց պետական պարտքի արդյունավետության մասին՝ հիշեցնելով, որ Ջանջուղազյանը աշխատել է նաև նախորդ իշխանության օրոք։

«Երկար ժամանակ խոսվել է Հայաստանի արտաքին պարտքի, պետական պարտքը արդյունավետ-ոչ արդյունավետ, նպատակային-ոչ նպատակային լինելու մասին: Հեղափոխությունից հետո նոր իշխանությունները քննադատում են, որ նախկինների ժամանակ մենք ունեցել ենք թալանված տնտեսություն, ներգրաված անարդյունավետ պետական պարտք, եղել են ծրագրեր, որոնք նպատակային չեն եղել: Ես ակնկալում եմ ոչ թե նեղ մասնագիտական պատասխան, այլ զուտ քաղաքական: Կուզենամ հանրությանը պատասխանեք՝ սպասումը մենք չենք ձեւակերպել, որ լինի արյունալի, այլ այն հայտարարությունները, որոնք արվել են իշխանության կողմից, հանրությունը սպասում է, որ այն գումարները, որոնք թալանվել են մեր տնտեսությունից, վերադարձվեն պետական բյուջե կոպեկ առ կոպեկ: Ինչ-որ տեղ արդարացի է, որ հանրության մոտ ձեւավորվի արդարացի սպասում, որ հատուցումը լինի նաեւ արյունալի: Խնդրում եմ պատասխանեք՝ վերջին հաշվով պետական պարտքն արդյունավե՞տ է օգտագործվել, նպատակայի՞ն է եղել ու դուք ձեր գնահատականների մեջ նաեւ հաշվի առեք այն հանգամանքը, որ նախկինում կառավարությունում այս ոլորտում իրականացրել եք համապատասխան քաղաքականություն ու վերահսկողություն»,-հարցրեց պատգամավորը:

Նախարարն ի պատասխան ասաց, որ 7 մլրդ դոլարանոց եւ հարյուրավոր ծրագրերից բաղկացած պարտքի վերաբերյալ հնարավոր չէ մեկ ցուցանիշով դատողությո՞ւն անել․ «Հնարավոր է առանձին-առանձին դրանցից յուրաքանչյուրը փորձաքննության ենթարկել եւ փորձաքննության արդյունքներով որոշում կայացնել, թե որն ինչ չափի արդյունավետություն է ունեցել»:

Ջանջուղազյանը նաև շեշտեց՝  եթե դեպքեր կան, որտեղ կան անարդյունավետ, չհիմնավորված, օրենքի խախտմամբ կատարված ծախսեր, որոնք վերականգնման ենթակա են, պետք է վերականգնվի․ «Բոլոր ծրագրերն ունեն արդյունավետ լինելու ռիսկը, ինչո՞վ է պայմանավորված տարանջատումը՝ դա պետական պարտքի միջոցո՞վ է առաջացել, թե՞ հարկերի: Երկուսի դեպքում էլ հարցը տեղին է։ Եթե դեպքեր կան, որտեղ կան անարդյունավետ, չհիմնավորված, օրենքի խախտմամբ կատարված ծախսեր, որոնք վերականգնման ենթակա են, պետք է վերականգնվի, դա ողջամիտ մարդու մոտ չեմ կարծում կասկած առաջացնի: Որքանով դա պետք է լինի արյունալի, ես կարծում եմ, որ, որովհետև մենք ապրում ենք իրավական պետության մեջ եւ հետեւաբար ամեն ինչը, նույնիսկ այդ վերականգնելը պետք է լինի օրենսդրության սահմանված կարգով: Իսկ ձեր այն դիտարկմանը, որ ես նախկինում էլ եմ աշխատել, այո՛, ինչպես տեսնում եք, ես երեկ չեմ ծնվել եւ հետեւաբար կարող էի նախկինում էլ աշխատած լինել, դա տրամաբանական է: Ինձ համար դիտարկումը այնքան էլ հասկանալի չէ, թե դուք ինչ էիք ուզում հուշել, թե ես ինչպես պետք է պատասխանեմ»:

Արթուր Գրիգորյանն էլ ի պատասխան ընդգծեց՝ հանրությանն այսօր քիչ է հետաքրքրում, թե պետական պարտքի կառավարման ինչպիսի մեթոդաբանություն է կիրառվում. «Ես չէի էլ կասկածում ձեր հմտությունների վրա, որ դուք կտաք հենց այն պատասխանը, ինչ մենք հենց հիմա լսեցինք: Բայց ամեն դեպքում, համաձայն եք, չէ՞ այն մտքի հետ, որ հանրությանն այսօր քիչ է հետաքրքրում, թե պետական պարտքի կառավարման ինչպիսի մեթոդաբանություն է կիրառվում,արդյոք համապատասխանում է, ռիսկային է, ռիսկային չէ: Մենք 7 մլրդ դոլարի չափ պետական պարտք ունենալով հանդերձ, սակայն 2019 թվականին ունեցել ենք ոչ զարգացող տնտեսություն, ունեցել ենք բավականին լուրջ թերություններ, ծանր տնտեսական վիճակ: Հայաստանում դեռեւս չկա այն երազած կամ այն ցանկալի տնտեսական իրավիճակը: Պետական պարտքը ներգրավելով հանդերձ՝ մենք չենք ստեղծել մեր երազած ՀՀ տնտեսությունը»:

Ատոմ Ջանջուղազյանը չհամաձայնեց, թե 2019 թվականին չենք ունեցել զարգացող տնտեսություն, ապա հավելեց, որ «7 միլիարդը 1992 թվականից ձեւավորված ցուցանիշ է»։