Ռուսաստանը եւ Թուրքիան հաստատել են հավատարմությունը Սիրիայի հարցով պայմանավորվածություններին, Մոսկվայում Սիրիայի հարցով ռուս-թուրքական խորհրդատվությունների արդյունքում հայտնել է ՌԴ ԱԳՆ մամուլի ծառայությունը։

Միջգերատեսչական ռուսական պատվիրակության կազմում ընդգրկվել են սիրիական կարգավորման հարցերով նախագահի ներկայացուցիչ Ալեքսանդր Լավրենտեւը եւ փոխարտգործնախարար Սերգեյ Վերշինինը, ինչպես նաեւ ՊՆ ներկայացուցիչներ։ Թուրքական պատվիրակությունը բանակցություններում գլխավորում է փոխարտգործնախարար Սեդատ Օնալը։ Բանակցությունների առաջին փուլը տեղի է ունեցել անցյալ շաբաթ՝ Անկարայում։ Երկրորդ փուլը փետրվարի 17-18-ը անցկացվել է Մոսկվայում։

Բանակցությունների ընթացքում նաեւ նշվել է, որ Իդլիբում ու Սիրիայի այլ շրջաններում երկարաժամկետ անվտանգության եւ կայունության ձեռքբերումը, վերջին հաշվով, հնարավոր է միայն ինքնիշխանությանը, անկախությանը, միասնականությանը եւ երկրի տարածքային ամբողջականությանը հավատարմության հիման վրա։ Բացի այդ, ընդգծվել է Սիրիայում ճգնաժամի կարգավորման քաղաքական գործընթացի կարեւորությունը, որն իրականանալի է հենց սիրիացիների կողմից՝ ՄԱԿ-ի աջակցությամբ, ինչպես նախատեսված է ՄԱԿ ԱԽ 2254 բանաձեւով։