ԱՄՆ-ը երեքշաբթի օրը խստացրել է Վենեսուելայի վրա ֆինանսական ճնշումը՝ պատժամիջոցների ցուցակում ներառելով ռուսական «Ռոսնեֆտ» նավթային ընկերության դստերը, որը, Դոնալդ Թրամփի վարչակազմի կարծիքով, կենսական կարեւոր աջակցություն է ցուցաբերում Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյին, հայտնում է Reuters-ը։

ԱՄՆ-ի պատժամիջոցների տակ են հայտնվել «Ռոսնեֆտի» 100 տոկոսանոց դուստր, շվեյցարական առեւտրային Rosneft Trading S.A. (RTSA) ընկերությունը։ Արգելափակող պատժամիջոցները չեն տարածվում «Ռոսնեֆտի» վրա։

Երեքշաբթի օրը նաեւ անհատական պատժամիջոցներ են սահմանվել վերամշակման, նավթաքիմիայի, կոմերցիայի հարցերով «Ռոսնեֆտի» փոխնախագահ եւ RTSA-ի ղեկավար Դիդյե Կազիմիրոյի հանդեպ։

ԱՄՆ-ը 90 օր է տվել RTSA-ի հետ բոլոր գործարքները ավարտելու համար։ Պատժամիջոցների փաթեթը նաեւ նախատեսում է «Ռոսնեֆտի» ժնեւյան թրեյդերի եւ նրա ղեկավարի ցանկացած բաժնետոմսերի սառեցում ԱՄՆ տարածքում։

Ռուսական ԱԳՆ-ը դատապարտել է ամերիկյան նոր պատժամիջոցները եւ խոստացել շարունակել համագործակցությունը Վենեսուելայի հետ։

«Դրանք (պատժամիջոցները) չեն ազդել եւ չեն կարող ազդել միջազգային գործերում ռուսական տեսակետի վրա, այդ թվում Վենեսուելայի, Սիրիայի, Իրանի կամ ցանկացած այլ երկրի օրինական իշխանությունների հետ փոխհարաբերությունների վրա»,- ասվում է նախարարության հայտարարության մեջ։