Հանրապետության մարզերում գյուղատնտեսության ոլորտում իրականացվող պետական օժանդակության ծրագրերի իրազեկման շրջանակում ՀՀ էկոնոմիկայի նախարարության ներկայացուցիչները փետրվարի 18-ին Արագածոտնի  մարզպետարանում կազմակերպել են հանդիպում համայնքների ղեկավարների եւ ֆերմերների հետ:

Միջոցառմանը մասնակցել են ՀՀ էկոնոմիկայի նախարարության գյուղատնտեսական ծրագրերի մշակման, ռեսուրսների օգտագործման եւ կոոպերացիայի զարգացման վարչության պետ Իռա Փանոսյանը, ՀՀ էկոնոմիկայի նախարարի խորհրդական Դավիթ Դավթյանը, ոլորտի այլ պատասխանատուներ:

Ներկայացնելով ոլորտում իրականացվող պետաջակցության 12 ծրագրերը` Իռա Փանոսյանն առանձին անդրադարձ է կատարել նախարարության նոր նախաձեռնություններին, այդ թվում` ՀՀ-ում 2019-2024թթ․-ի տավարաբուծության զարգացման, փոքր եւ միջին «խելացի» անասնաշենքերի կառուցման եւ Հայաստանի Հանրապետությունում 2019-2023 թթ.-ի ոչխարաբուծության եւ այծաբուծության զարգացման պետական աջակցության ծրագրերին։

«Սրանք այն ծրագրերն են, որոնք միտված են գյուղատնտեսության  ոլորտում ինտենսիվության եւ արտադրողականության բարձրացմանը։ Ծրագրերը կնպաստեն գյուղատնտեսության ոլորտում ռիսկերի կառավարմանը՝ հետագայում խթանելով նաեւ բարձրարժեք գյուղատնտեսության զարգացումը», - իր խոսքում նշել է Իռա Փանոսյանը:

Իր խոսքում նա հավելել է, որ մարզային այցերի ընթացքում ֆերմերներն առավել մեծ հետաքրքրություն են ցուցաբերում հատկապես նոր ծրագրերի հանդեպ:

Անդրադառնալով գյուղատնտեսության ապահովագրության նոր ծրագրին` Իռա Փանոսյանն ընդգծել է, որ Արագածոտնի մարզի ֆերմերները կարող են ապահովագրել ծրագրում ընդգրկված բոլոր մշակաբույսերը: Նա նաեւ նշել է, որ ծրագրից օգտվելու համար հարկավոր է դիմել «Ինգո Արմենիա», «Ռոսգոսստրախ-Արմենիա» կամ «Սիլ Ինշուրանս» ապահովագրական ընկերություններ:

Նախարարության ներկայացուցիչը հիշեցրել է, որ գարնանային ցրտահարության ռիսկի համար ապահովագրական պայմանգիր կնքելու ժամկետը երկարաձգվել է մինչեւ փետրվարի 21-ը:

Գյուղատնտեսության ծրագրերի իրականացման վարչության պետի տեղակալ Արթուր Բաղդասարյանը ներկայացրել է «Ոռոգման արդիական համակարգերի ներդրման համաֆինանսավորման» ծրագիրը, որի շրջանակում կաթիլային ոռոգման եւ անձրեւացման համակարգերի ներդրման համար պետական աջակցություն է ցուցաբերվում գյուղատնտեսական մշակաբույսերի մշակությամբ զբաղվող տնտեսվարողներին:

Իրազեկման արշավը կշարունակվի հանրապետության այլ մարզերում: