Բելգիական Գենտում  հնագետները Սուրբ Բավոնի եկեղեցու մոտ պեղումներ կատարելիս հայտնաբերել են պատեր, որոնք հավաքված են մարդկային ոսկորներով, հայտնում է The Brussels Times պարբերականը:

Պատերը գլխավորապես կազմված են մեծահասակ մարդկանց ազդրոսկրերից եւ սրունքոսկրերից, ընդ որում՝ դրանց միջեւ տարածությունը լցված է գանգերով:

Նախնական տեղեկություններով՝ մասունքները թվագրվում են XV դարի երկրորդ կեսով, միաժամանակ հնագետները «ոսկրային պատերի» կառուցման ժամանակը վերագրում են XVII-XVIII դարերին:

Գիտնականների ենթադրությամբ՝ այս պատերը կառուցվել են եկեղեցու գերեզմանոցը մաքրելիս, երբ տեղ են ազատել նոր թաղումների համար: Հետազոտողներից մեկը՝ Յանիեկ դե Գրիզեն, պարզաբանել է, որ գերեզմանոցները մաքրելիս չէր կարելի ոսկորները թափել, ուստի դրանց համար ստեղծել են կմախքացած մասունքները պահելու հատուկ վայրեր:

«Բելգիայում այս գտածոն յուրահատուկ է»,- նշել է հնագիտական խմբի ներկայացուցիչ Ռուբեն Վիլաերթը: