Հայաստանը Եվրոպային հետաքրքրում է միայն ղարաբաղյան հիմնախնդրի եւ տարածաշրջանում Ռուսաստանի ազդեցության թուլացման տեսանկյունից: Այս մասին այսօր` փետրվարի 19-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Հայաստանի առաջին օմբուդսմեն, իրավապաշտպան Լարիսա Ալավերդյանը:

Նա նշեց, որ Հայաստանի ներքին իրավական գործընթացները քիչ են հետաքրքրում միջազգային հանրությանը, այդ թվում նաեւ` Եվրոպային: «Եթե իշխանությունները ցանկանում են իրենց համար ժողովրդավարական ղեկավարության իմիջ ստեղծել, ապա պետք է հետեւեն օրենքներին, ինչը լեգիտիմության նշաններից մեկն է: Իսկ մենք այս հարցում ոչ թե հետընթաց, այլև ձախողում ենք ապրում»,- նշեց Ալավերդյանը:

Ըստ նրա` եթե օրինականություն ասելով հասկանանք միայն ընտրությունների արդյունքում ստացված ձայները եւ բացառենք օրենքի գերակայությունը, ապա Հայաստանը կարող է հեշտությամբ հայտնվել մի իրավիճակում, որում ժամանակին եղել է ֆաշիստական Գերմանիան: «Այնտեղ Հիտլերը նույնպես իշխանության էր եկել` հավաքելով ձայների մեծամասնությունը, սակայն օրենքների խախտումը հանգեցրեց նրան, ինչի ականատեսը դարձավ ամբողջ աշխարհը»,- եզրափակեց իրավապաշտպանը: