Ավստրալիայում վերջերս տեղի ունեցած հրդեհները, որոնք դարձել են մայրցամաքի պատմության մեջ ամենամասշտաբային տարերային աղետներից մեկը, ցույց են տվել, որ անտառային հրդեհների ծուխը կարող է թափանցել ստրատոսֆերա եւ տարածվել ամբողջ Երկրագնդով մեկ: Գիտնականների կարծիքով՝ այս գործոնը կարող է առաջացնել կլիմայական գլոբալ փոփոխություններ:

Ավելի վաղ կարծիք կար, որ անտառային հրդեհների մուրը մնում է մթնոլորտի ստորին շերտերում եւ այսպես կոչված՝ տրոպոդադարի պատճառով ստրատոսֆերա չի ընկնում: Բայց գիտնականները վերջին տասնամյակներին սկսել են կասկածել, որ այդպես է. անտառային մեծածավալ հրդեհները ցույց են տալիս, որ ծուխը կարող է բարձրանալ գրեթե 17-19 կմ:

«Մենք վերլուծել ենք հրդեհները սկսվելուց 7 օր հետո «Մեկ» արբանյակի միջոցով ստացված տվյալները եւ հայտնաբերել, որ այրման արգասիքները բարձրացել են ստրատոսֆերա, որտեղ նվազագույնը 6 շաբաթ շրջապտույտ են կատարել արեւադարձային լայնություններում: Այրման արգասիքները ստեղծում են հրակույտային ամպեր, որոնք կարող են լրջորեն ներգործել մոլորակի կլիմայի վրա»,- «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ ասել են Լա Թրոբի համալսարանի (Մելբուռն) հետազոտողները:

Գիտնականները նշում են, որ հրակույտային ամպերը գլոբալ կլիմայի մոդելավորման համակարգերում զգալի անորոշություն են բերում: Ստարտոսֆերայում մուրը կարող է կլանել արեգակնային ճառագայթումը եւ տաքացնել օդը՝ դրան հավելած, որ սեւ ածխածինը նպաստում է օզոնային շերտի քայքայմանը: