Պետք է գնանք եկամուտների համատարած հայտարարագրման ճանապարհով։ Այս մասին, այսօր՝ փետրվարի 19-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց ԿԲ նախկին նախագահ, տնտեսագետ Բագրատ Ասատրյանը՝ անդրադառնալով հարցին, թե ինչ տեսակետ ունի համահարթ  հարկման վերաբերյալ, տեսակետ կա առ այն, որ դրանից ավելի շատ շահում է խոշոր  բիզնեսը։

Նա ընդգծեց, որ իրական եկամուտը աշխատավարձը չէ, այլ ընդհանրապես, բոլոր աղբյուրներից ստացվող եկամուտը:

«Երբ խոսում ենք համահարթեցման, պրոգրեսիվ հարկման մասին, սա պետք է  վերաբերի ընդհանրապես եկամուտներին, ոչ թե կոնկրետ աշխատավարձի տեսքով ստացված եկամուտներին։ Հարկումը պիտի լինի հայտարարագրման հիման վրա։Աշխատավարձն այստեղ աղբյուրներից մեկն է լինելու։ 3 մլն-ից բարձր ստանում էր ընդամենը հազար հոգի: Էս առումով էլ մենք մեծ նահանջ ունենք, որ նախկին ԽՍՀՄ հանրապետությունների մեջ եկամուտների բեւեռացման ամենասուր աստիճանը Հայաստանում է: Տաջիկստանից ավելի վատ վիճակում ենք»,-ասաց Բագրատ Ասատրյանը:

Նա հավելեց, որ դա պայմանավորված է մեր ընդհանուր հարկային համակարգով, այդ թվում պրոգրեսիվ հարկման համակարգով, որոնք թվացյալ էին, իրական չէին. «Ես այժմ անհամբեր սպասում եմ գույքահարկի մասին օրենքի կիրառմանը, որը ամենաարդար հարկատեսակներից է»,-ընդգծեց տնտեսագետը:

Տնտեսագետն իր խոսքում նշեց, որ ստվերը նաեւ անշարժ գույքի հետեւում է դրսեւորվում, ուստի ժամանակին չգանձված եկամուտները գույքային հարկի տեսքով պետք է այսօր գանձել։