Միացյալ Նահանգների գիտնականներն օձի տեսքով ռոբոտ են ստեղծել, որը կարող է օգտակար լինել որոնողափրկարարական աշխատանքներում: Զոնս Հոփկինսի համալսարանի աշխատակիցների հետաքրքրաշարժ մշակմանը նվիրված հոդվածը հրապարակվել է Royal Society Open Science-ում, փոխանցում է Planet- today-ը:

Ուսումնասիրելով օձերի տեղաշարժի առանձնահատկությունները` ամերիկացի գիտնականները որոշել են, որ սողունի տեսքով ռոբոտը իդեալական լուծում է բարդ պայմաններում որոնողափրկարարական գործողություններ իրականացնելու համար: Օրինակ` նման ռոբոտը շատ օգտակար կլինի երկրաշարժի կամ այլ բնական աղետի հետեւանքով ձևավորված ավերակների ստուգման համար:

«Հետեւելով թագավորի կոբրաներին` մենք պարզել ենք, որ այս օձերը անհավանական կատարելության են հասել խոչընդոտներից խուսափելու գործում: Մենք մտածեցինք, որ կարող ենք օրինակել օձի որոշ հնարավորությունները` նոր տեսակի ռոբոտ ստեղծելու համար»,- ասում է ուսումնասիրության գլխավոր հեղինակ Չեն Լին:

Օձերը, ըստ Լիի, դժվար խոչընդոտներ հաղթահարելիս իրենց զանգվածը հատուկ ձեւով են տեղաբաշխում: Ռոբոտը, որում շարժման նմանատիպ համակարգ է տեղադրված, տպավորիչ արդյունքներ է ցույց տվել, երբ գիտնականները փորձարկել են այն այնպիսի դժվարին սցենարում, ինչպիսին է աստիճաններով բարձրանալը: Ապագայում, ինչպես վստահ են օձ ռոբոտի ստեղծողները, նման մեքենաները կարող են լայն կիրառում ստանալ: