Հայաստանի ֆոնդային բորսայի զանգն ազդարարեց IDBank-ի ծրագրային ազդագրի շրջանակում 2-րդ թողարկման դոլարային պարտատոմսերի ցուցակումը։

Այդպիսով երկրորդային շուկայում այս պահին շրջանառվում է IDBank-ի կողմից թողարկված 4 տրանշի պարտատոմս` 15 մլն դոլար եւ 250 մլն ՀՀ դրամ ծավալով։

«IDBank-ը շարունակում է ակտիվ դիրքեր զբաղեցնել պարտատոմսերի շուկայում եւ հաճախորդներին առաջարկել եկամտաբեր ներդրումների հնարավորություն։ Բանկի պարտատոմսերն ունեն բարձր պահանջարկ եւ սովորաբար տեղաբաշխվում են ժամկետից շուտ։ 2019 թվականին թողարկված դրամային պարտատոմսերն, օրինակ, սպառվեցին թողարկումից ընդամենը մի քանի օր անց, ինչն, իհարկե, խոսում է IDBank-ի նկատմամբ վստահության բարձր մակարդակի մասին։ Եթե հաշվի առնենք օրենսդրական նոր փոփոխությունները, որոնց արդյունքում պարտատոմսերից ստացված եկամուտը ենթակա չէ հարկման, ապա պարտատոմսերն էլ ավելի գրավիչ են դառնում, եւ վստահ եմ, որ մեր հետագա թողարկումներն ավելի մեծ պահանջարկ են ունենալու»,- նշել է Բանկի Վարչության նախագահ Մհեր Աբրահամյանը։

Ցուցակված պարտատոմսերի ընդհանուր ծավալը 5,000,000 ԱՄՆ դոլար է, անվանական արժեքը՝ 100 ԱՄՆ դոլար, արժեկտրոնային տարեկան եկամտաբերությունը՝ 5%, արժեկտրոնը կվճարվի եռամսյա պարբերականությամբ, ժամկետայնությունը 27 ամիս է։ Ցուցակման պահից թույլատրվել են նշված պարտատոմսերով հասցեական առեւտուրը եւ ռեպո գործարքների կնքումը։

«Պարտատոմսեր ցուցակելը եւ պարտատոմսերի մեջ ներդրումներ կատարելը դարձել է էլ ավելի գրավիչ ու շահավետ՝ կապիտալի շուկայում տեղի ունեցող վերջին զարգացումների շնորհիվ։ Մասնավորապես ՀՀ հարկային օրենսգրքում կատարված վերջին փոփոխություններն, այդ թվում՝ բորսայում ցուցակված պարտատոմսերի տոկոսավճարները եկամտահարկից եւ ոչ ռեզիդենտի շահութահարկից ազատելը, եւ այս տարի բորսայում նոր առեւտրային համակարգի ներդնումը, ինչը ֆիզիկական անձանց կտա առցանց հասանելիություն դեպի բորսա, ստեղծում են զարգացման նոր հեռանկարներ ինչպես թողարկողների, այնպես էլ ներդրողների համար», - ասել է Հայաստանի ֆոնդային բորսայի գլխավոր տնօրեն Հայկ Եգանյան։

Հայաստանի ֆոնդային բորսան համագործակցում է IDBank-ի հետ 2009 թվականից: Վերջինս նաեւ Դեպոզիտար համակարգի հաշվի օպերատոր, կարգավորվող շուկայի հաշվարկային համակարգի անդամ է։

AMX | Հայաստանի ֆոնդային բորսայի մասին

Հայաստանի ֆոնդային բորսան տրամադրում է ամբողջապես ավտոմատացված առեւտրային համակարգ եւ առեւտրի իրականացման հարմարավետ պայմաններ: Ներկայում ֆոնդային բորսայում իրականացվում է բաժնետոմսերի, կորպորատիվ եւ պետական պարտատոմսերի, արտարժույթի, վարկային ռեսուրսների առեւտուր, ինչպես նաեւ ՌԵՊՈ եւ ՍՎՈՊ գործարքների կնքում:

IDBank-ի մասին

DBank-ը հիմնադրվել է 1990թ․ օգոստոսի 1-ին: 1996 թ. հոկտեմբերից գործում է որպես փայատիրական կոմերցիոն բանկ։ Բանկի բաժնետերերն են Կիպրոսի FISTOCO LTD  ընկերությունը` 59.68 տոկոս բաժնեմասով, եւ Լիբանանի CreditBank S.A.L բանկը`  40.32 տոկոս բաժնեմասով: Անուղղակի մեծամասնական բաժնետերերն են ֆիզիկական անձինք` Վարտան Դիլանյանը (FISTOCO LTD) եւ Թարեք Խալիֆեն (CreditBank S.A.L):

Բանկը մշտապես ընդլայնում է մատուցվող ծառայությունների ցանկն ու կատարելագործում վերջիններիս որակը: IDBank-ն իր հաճախորդներին է առաջարկում նորարար թվային լուծումներ եւ շարունակաբար բարելավում մասնաճյուղային ցանցը։ Բանկի տեսլականն է՝ դառնալ  առաջատար բանկ ՀՀ ֆինանսական համակարգում` հաճախորդներին տրամադրելով անհատական մոտեցմամբ արդիական թվային լուծումներ։