ԵՄ երկրները պատճառ չունեն օգտագործելու չինական Huawei ընկերության 5G բջջային տեխնոլոգիաները, որովհետեւ շվեդական Ericsson-ը, ֆիննական Nokia-ն եւ հարավկորեական Samsung-ը չինական ընկերության հետ նույն մակարդակում են: Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարի՝ կիբեռնետիկ, միջազգային կապերի եւ տեղեկատվական քաղաքականության հարցերով փոխօգնական Ռոբերտ Սթրեյերը՝ հավելելով, որ «անհրաժեշտ է ապամիստիֆիկացնել» այն պատկերացումը, որ Huawei-ն 5G-ի ուղղությամբ ավելի առաջ է ընթացել, փոխանցում է Reuters-ը:

Վաշինգտոնը պնդում է, որ դաշնակիցներն արգելեն Huawei-ի տեխնոլոգիաների օգտագործումը՝ պնդելով, որ դա Չինաստանի կողմից լրտեսության իրականացման հնարավորություն է ստեղծում: ԱՄՆ դիրքորոշումը լարվածություն է ստեղծել դաշնակիցների հարաբերություններում, ինչպիսին է Մեծ Բրիտանիան, որի վարչապետ Բորիս Ջոնսոնը Huawei-ին սահմանափակ դեր է հատկացրել 5G բջջային ցանցի ստեղծման գործում:

Սթրեյերի խոսքով՝ Միացյալ Նահանգները եվրոպական երկրներին խրախուսում է մանրակրկիտ մտածել անվտանգության հարցի եւ Huawei-ի տեխնոլոգիաների սրընթաց օգտագործման տնտեսական հետեւանքների մասին: «Լավ նորությունն այն է, որ Ericsson-ը, Nokia-ն եւ Samsung-ը տրամադրում են 5G տեխնոլոգիա, որը համապատասխանում է այսօր Huawei-ի տրամադրածին: Նրանք ըստ տեխնոլոգիաների աշխարհի առաջատարներն են»,- ասել է Սթրեյերը:

Նա նշել է, որ արեւմտյան մատակարարները, ինչպիսին են Ericsson-ը եւ Nokia-ն, մեծ թվով գործառույթներով բաց ճարտարապետություն կօգտագործեն՝ Միացյալ Նահանգներում եւ Եվրոպայում ընկերությունների համար ստեղծելով համատեղելի սարքավորումների տրամադրման հնարավորություններ: