Վրաստանում ներդրումների համար իշխանությունը որոշակի առաջարկներ է անում. ասում է՝ եթե ուզում ես այս ոլորտում այսպիսի ներդրումներ անես, խնդրեմ, սա փաթեթն է, որտեղ կան հիմնական լուծումները: Այս մասին, այսօր՝ փետրվարի 19-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց ԿԲ նախկին նախագահ, տնտեսագետ Բագրատ Ասատրյանը:

Ն րա խոսքով, մնացածն արդեն ներդրողը պետք է գնահատի ռիսկը եւ որոշում կայացնի. «Իհարկե, մեզ մոտ էլ հիմա դրական տեղաշարժեր կան: Այսօր ոչ մի չինավնիկ չի ասի՝ բա իմ բաժինը ո՞րն է: Բոլորս էլ գիտենք, որ տասնյակ տարի դա է եղել սկզբունքը՝ բա իմ մասը ո՞րն ա: Դա հիմա չկա, բայց դա բավարար չի: պետությունը պետք է գիտակցի իր դերը, որ արդյունավետ լինեն իր կողմից առաջարկվող ծառայությունները եւ գրավիչ լինեն ներդրողների համար»,-ասաց նա:

Նա անդադարձավ նաեւ կոռուպցիայի դեմ պայքարին. «Մենք ընդամենը առաջին էջն ենք բացել, այն էլ ոչ այնքան լավ: Կոռուպցիան եղել է համակարգված, նախկինների ժամանակ դա բանդա էր՝ սկսած ընտրություններից, երբ պետությունը իշխող ուժը հանցագործություն էին անում, համատարած ընտրակաշառք էին առաջարկում: Քանի՞ բացահայտում է եղել այդ ուղղությամբ:

Այսինքն դրա դեմ համակարգային մոտեցում է պետք: Կոռուպցիայի դեմ պայքարը նա չի, որ ինչ-որ պաշտոնյա, կամ Սերժի շոֆերը էսքան բան է արել, էսքան փող էլ վերադարձրել է: Սա խայտառակություն է, սա կոռուպցիայի դեմ պայքար չի: Սա աչք փակել է. շատ գողացի, քիչ վերադարձրու: Այսինքն կոռուպցիայի դեմ պայքարը պետք է համատարած լինի»,-ընդգծեց տնտեսագետը: