Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում այսօր՝ փետրվարի 19-ին, «Սասնա ծռերի» գործով դատական նիստին գործով վկա Էդգար Սողոմոնյանը որոշել էր խոսել ՊՊԾ գնդի գրավման վերաբերյալ։

Հիշեցնենք, որ նախորդ նիստին նա կտրականապես հրաժարվում էր պատասխանել որեւէ կողմի հարցի։

Նշենք, որ «Սասնա ծռերի» գործի անջատված մասով առաջինը ազատության մեջ հայտնված մեղադրյալ Էդգար Սողոմթնյանն է եղել, որն այս գործով վկայի կարգավիճակ ունի։

Այսօր նա հայտարարեց, որ հրաժարվում է նախաքննության ժամանակ տված ցուցմունքից։

Սողոմոնյանն ասաց, որ գործով ամբաստանյալ Արմեն Բիլյանը որեւէ մեկին չի կրակել, նրա ձեռքին զենք չի եղել. «Իմ հետ մի քիչ լարվածություններ են եղել, բայց ես իրականում չեմ տեսել Արմեն Բիլյանին կրակելուց։ Ես ինքնակամ ցուցմունք եմ տալիս, ոչ ոք ինձ չի ասել։ Ես այն ժամանակ վախի զգացում եմ ունեցել, մի խոսքով ես այդ ցուցմունքից հրաժարվում եմ եւ բոլորի մոտ ասում եմ՝ ես Բիլյանին կրակելուց չեմ տեսել»։

Գործով ամբաստանյալ Պավլիկ Մանուկյանի հարցին՝ արդյոք ինքը Արմեն Բիլյանին ՊՊԾ գունդ մուտք գործելիս զենքով տեսե՞լ է, գործով վկան ասաց, որ չի տեսել. «Ես Արմենին զենքով չեմ տեսել, նա արդար է»։

Հիշեցնենք, որ 2016 թ. հուլիսի 17-ին զանգվածային անկարգություններ կազմակերպելու նախապատրաստության, ծանրացուցիչ հանգամանքներում սպանությունների, շենքեր, շինություններ, տրանսպորտի միջոցներ զավթելու, պատանդ վերցնելու եւ պահելու, ապօրինի կերպով հրազեն, ռազմամթերք ձեռք բերելու, պահելու, փոխադրելու, զենք, ռազմամթերք հափշտակելու, ուրիշի գույքը գաղտնի հափշտակելու եւ դիտավորությամբ ոչնչացնելու փաստի կապակցությամբ հարուցված քրեական գործերը քննվում են դատարաններում։

Զինված հարձակման հետեւանքով զոհվել են գնդապետ Արթուր Վանոյանը, լեյտենանտ Յուրի Տեփանոսյանն ու ավագ ենթասպա Գագիկ Մկրտչյանը։ ՊՊԾ գունդը զավթելու եւ նշված այլ արարաքները կատարելու մեջ մեղադրվում է 32 անձ: