Կառավարությունն իր այսօրվա՝ փետրվարի 20-ի նիստում ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը ներկայացրեց միանգամից երեք միջազգային համաձայնագրերը:

Դրանցից առաջինը ՀՀ  կառավարության եւ Եվրոպական հանձնաժողովի միջեւ «ԵՄ-ն էներգաարդյունավետության եւ շրջակա միջավայրի համար» ֆինանսավորման համաձայնագիրն է, որը, ըստ նրա բաղկացած է 5 մլն եվրո Սեւանա լճի մաքրման, 3,7 մլն եվրո էներգոարդյունավետության համար եւ եւս 17 մլն եվրո հատկացվել է հարեւանության ներդրումային հարթակ գործիքով:

«Նպատակները Սեւանի ջրահեռացման եւ կեղտաջրերի մաքրման ենթակառուցվածքների բարելավումն է, էներգոարդյունավետության մասով օրենսդրության մոտարկումը: իսկ 17 մլն եվրոն լավ ծրագիր կլինի, որովհետեւ ամբողջությամբ պետք է հանդիսանա մանրածախ վարկերի գրանտավորման գործիք: ըստ էության, բազմաբնակարան շենքերի էներգախնայողության նպատակով իրականացվող բարենորոգման կամ նորոգման աշխատանքների համաֆինանսավորման նպատակով:

Սեւանի մասով համակարգող կլինի Շրջակա միջավայրի նախարարությունը, իսկ մյուս երկու բաղադրիչով՝ Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությունը»,-ասաց փոխվարչապետը:

Երկրորդ համաձայնագիրը «Տեղական դերակատարների հզորացում՝ զարգացման նպատակով» ֆինանսավորման համաձայնագիրն է: Առաջին բաղադրիչը համայնքների տնտեսական զարգացումն է՝ 10,1 մլն եվրո: «Սա ենթադրում է, որ պետք է բացահայտվեն եւ ձեւավորվեն ակտիվ խմբեր, որոնք համայնքի համար իրականացնում են տնտեսական զարգացման այնպիսի ծրագրեր, որոնք նպաստում են բոլոր տնտեսավարողների բիզնեսի կամ նախաձեռնությունների զարգացմանը:

Երկրորդ բաղադրիչը վերաբերում է աշխատանքային միգրանտների բիզնեսներին: Ըստ էության վերաբերում է այն անձանց, որոնք ուզում են վերադառնալ եւ բիզնես նախաձեռնություններ իրականացնել ՀՀ-ում: Նաեւ նախատեսում է տվյալ անձանց ընտանիքի անդամների բիզնես նախաձեռնությունների գրանտավորում եւ անձանց, որոնք ցանկություն ունեն մեկնել այլ երկիր աշխատելու, իրենց բիզնես նախաձեռնությունների գրանտավորմանը: Այս բաղադրիչը այս պահին 3,5 մլն եվրո է: Այն ենթադրում է 50 տոկոս համաֆինանսավորում: Սա կդիտարկենք որպես պիլոտային եւ եթե ծրագիրը լավ աշխատի, էլի աղբյուրներ կգտնենք»,-ասաց Մհեր Գրիգորյանը:

Երրորդ համաձայնագիրը վերաբերում է SEPA-ի իրագործմանը, այսինքն ճանապարհային քարտեզին, որին ՀՀ կառավարությունը հավանություն է տվել. «Առաջին բաղադրիչը 18,7 մլն եվրո է կազմում, որը հենց համաձայնագրի կիրառման աջակցությունն է: Դա ենթադրում է բարձր մակարդակի փորձագետների ներգրավում ըստ ոլորտների: Երկրորդը՝ ԵՄ տների հանգույցների ձեւավորումն է, որը հիմնականում ունի տեղեկատվական եւ միջոցառումների կազմակերպման ֆունկցիա իրականացնելու տրամաբանություն: Այստեղ եւս 2 մլն եվրո հատկացնում է Արեւելյան գործընկերության հարթակ գործիքը եւ ենթադրվում է քաղհասարակության աջակցություն՝ համաձայնագրի կիրարկման մոնիտորինգի համար: Սա իրականացնելու է ԵՄ Հայաստանի գրասենյակը:

Երրորդ բաղադրիչը որակի ենթակառուցվածքների բարելավումն է՝ 4 մլն եվրո, չափագիտական լաբորատոր հզորությունների արդիականացում եւ փորձագիտական աջակցություն: Դա ըստ էության, ենթակառուցվածք է, որը նպաստելու է Եվրոպա արտահանման խթանմանը: Ընդհանուր բյուջեն 65 մլն եվրո է, որը կրկնակի ավել է քան 2018 թվականին»,-ասաց փոխվարչապետը՝հավելելով, որ բոլոր երեք համաձայնագրերի ընդհանուր բյուջեն կազմում է 65 մլն եվրո:

Մհեր Գրիգորյանը ընդգծեց, որ խոսքը 2019-ի համագործակցությանն է վերաբերում. «Մենք հիմա 2019-ի ամփոփումն ենք անում: 2020 թվականի համաձայնագրերի բյուջեն ավելին կլինի, քան 2019-ինը»: