2019 թվականին արձանագրել ենք 7.6 տոկոս տնտեսական աճ: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Սա Հայաստանում 2008 թվականից ի վեր արձանագրված ամենաբարձր ցուցանիշն է»,-գրել է նա:

Նշենք, որ ՀՆԱ-ն 2019-ին կազմել է 6 տրիլիոն 551 միլիարդ 849 միլիոն դրամ:

Այս մասին հայտարարվեց նաեւ կառավարության նիստի ժամանակ: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցրեց, թե արդյոք աճը իրենց նախատեսածից շատ է, եւ պարզվեց, որ այնքան է, որքան նախատեսել էին: Ամեն դեպքում, վարչապետը արձանագրեց, որ վատ ցուցանիշ չէ եւ հետաքրքրվեց, թե վերջին անգամ երբ է Հայաստանում նման աճ արձանագրվել:

Կառավարության անդամները վարչապետին պատասխանեցին, որ վերջին անգամ 2000-ականներին է եղել ավելի բարձր աճ: «Ուրեմն կարող ենք արձանագրել, որ եթե 2019 թվականին աճը եղել է 7,6 տոկոս, նշանակում է, որ 2008 թվականից ի վեր ամենաբարձր աճն ենք ապահովել եւ համոզված եմ, որ համատեղ արդյունքով ավելի մեծ ցուցանիշ կարձանագրենք 2020 թվականի համար»,-ասաց նա: