Բանակում անպատժելիություն է տիրում։ Այս մասին այսօր՝ փետրվարի 20-ին, կառավարության դիմաց ակցիայի ժամանակ ասաց իրավապաշտպան Նինա Կարապետյանցը։

«Վերջին մեր ակցիայից հետո որոշակի տեղաշարժ եղավ, հրատապ կարգով հրավիրվեցին պաշտպանության նախարարը եւ մնացած պաշտոնատար անձինք, թե ինչ են քննարկել, ես տեղեկություն չունեմ, բայց տեղի ունեցան պաշտոնանկություններ, մոտակա օրերին ԱԽ  նիստ է լինելու, բայց այս բոլոր միջոցառումներն արդյունք չեն տալու այնքան ժամանակ, քանի դեռ բանակում անպատժելիություն է տիրում եւ անպատժելիությունը, որ հովանավորվում է մեր Դատախազության կողմից, քննչական մարմինների կողմից, չբացահայտելով դեպքերը։ Ես ավելի քան համոզված եմ՝ եթե 13 տարի առաջ բացահայտված լինեին այն անունները, որոնք հնչում են, գեներալները, որովհետեւ առավելագույնը, որ պատժվել է, եղել է սերժանտը։ Այսօր ես ստացել եմ զանգ Ալեքսանդր Ղազարյանից, ասաց, որ նամակ են մեզ ուղարկել, ես ասացի, որ գրավոր պատասխանի ակնկալիք չեմ էլ ունեցել, որովհետեւ մենք դիմում չենք գրել, մենք հայտարարություն ենք արել եւ ակնկալում ենք հանդիպում։ Հեղափոխությունից 2 տարի անց մենք ունենք իրավիճակ, երբ մեկ մարդ է հարցերը լուծում, դա Փաշինյանն է, իր հետ հանդիպում ենք պահանջում։ Թողայս մայրերը եւ մյուս ծնողները ցույց տան, թե ինչ վիճակ է քրեական գործերով, ինչպես են կոծկվում այդ քրեական գործերը»,-նշեց նա։

Իրավապաշտպանը շեշտում է՝ Նիկոլ Փաշինյանը նրանց մեդալ ու պագոն է տալիս, բայց ունենք նոր զոհեր․ «Ինչպես են ցույց տալիս 97 տոկոս բացահայտում, իրենք իրենց ծափահարում են, Նիկոլ Փաշինյանը նրանց մեդալ ու պագոն է տալիս, բայց ունենք նոր զոհեր։ Եթե գործերը նորմալ բացահայտվեր, մենք այս զոհերը չէինք ունենա։ Ես հույս ունեմ, որ Նիկոլ Փաշինյանը կընդունի մարդակնց, որովհետեւ այդ քրեական գործերով պետք է ունենան ալտերնատիվ տեսակետ։ Գլխավոր դատախազը ինչպես այն ժամանակ էլ է այդ կոծկումներին մասնակից եղել, հիմա էլ է շարունակում պաշտոնավարել, հեղափոխության խաչ պաչելով, հիմա էլ են նույնն անում, ռազմական դատախազությունը, ռազմական ոստիկանությունը։ Լուծում չի լինելու, քանի այս գործերը չեն բացահայտվել»։

Կառավարության դիմաց հավաքվել էին նաեւ իրավապաշտպաններ եւ քաղաքացիներ՝ կառավարության նիստից անմիջապես հետո պահանջելու հանդիպում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ ուժային կառույցների ղեկավարների հետ՝ բանակում տեղի ունեցող սպանությունների/ինքնասպանությունների վերաբերյալ նրանց հարցեր ուղղելու եւ պատասխաններ ստանալու նպատակով։