Համաշխարհային հանրությունն ի վիճակի չէ անհրաժեշտ համատեղ ջանքեր գործադրել Լիբիայում իրավիճակը կարգավորելու համար: Այսպիսի կարծիք հինգշաբթի օրը TRT-ին տված հարցազրույցում հայտնել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մեւլութ Չավուշօղլուն:

«Համաշխարհային հանրությունն ի վիճակի չէ համատեղ քայլեր ձեռնարկել Լիբիայում հրադադարի ուղղությամբ: Այս հարցի շուրջ վճռականություն չի ցուցադրվում»,- հայտարարել է արտգործնախարարը:

Փետրվարի 18-ին Լիբիայի աջակցման հարցով ՄԱԿ-ի Առաքելության եւ էմիսարի պաշտոնական ներկայացուցիչ Ժան Ալամը հայտարարել էր, որ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Հասան Սալամեն ծանուցում է ստացել Լիբիայի ազգային բանակի կողմից` Տրիպոլիի նավահանգստի գնդակոծման հետ կապված Ժնեւում ռազմական հանձնաժողովի աշխատանքներին մասնակցությունը դադարեցնելու վերաբերյալ: 

Երեքշաբթի օրը Շվեյցարիայում մեկնարկել էր Լիբիայի համատեղ ռազմական կոմիտեի («5+5»)` երկարատեւ հրադադարի հաստատմանն ուղղված հանդիպումների երկրորդ փուլը: Ռազմական հարցերի շուրջ բանակցությունների առաջին փուլը տեղի էր ունեցել Ժնեւում փետրվարի 3-ից 8-ը: Լիբիայի ռազմական կոմիտեում ընդգրկված են հակամարտության հինգ կողմերից յուրաքանչյուրի հինգ ներկայացուցիչ: Խորհրդակցություններում որպես միջնորդ հանդես է գալիս Սալամեն: