Երեւանում նախկին բարձրաստիճան պաշտոնյաները ըստ էության ապօրինի օտարված կառույցների վրա կառուցվել են ապօրինի շենքեր, հիմա էլ եկել ասում են՝ պետք է օրինականացնեք: Այս մասին այսօր՝ փետրվարի 20-ին, կառավարության նիստի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Պարզվում է՝ նախկինում օրենսդրությունը կազմվել է այնպես, որ քաղաքապետարանը դրանք չօրինականացնելու տարբերակ չունի»,-ասաց նա :

Վարչապետը հանձնարարեց Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանին՝ խորությամբ ուսումնասիրել հարցը: «Եթե պետք լինի, այստեղ անցումային արդարադատության գործիքներ կիրառե՛լ եւ գնալ առա՛ջ, քանի որ դա ուղղակի արհարմարանք է հանրային կարծիքի եւ ընդհանրապես ՀՀ-ում տեղի ունեցած պրոցեսների նկատմամբ: Երեւանի ամենակարեւոր զբոսայգին մեջ-մեջ են արել, տներ են կառուցել, հիմա էլ ասում են՝ օրինականացրեք, թե չէ դատի կտանք»,-հավելեց վարչապետը:

Ի պատասխան Ռուստամ Բադասյանն ասաց, որ խնդրին խորությամբ ծանոթ չէ. «Այստեղ խնդիրը հետեւյալն է՝ լեգիտիմ ակնկալիք կա, թե չկա: Եթե ապօրինի շինարարություն է իրականացվել, այդ անձը հետո չի կարող վկայակոչել լեգիտիմ ակնկալիքը, որ օրինականացման փոփոխությունից հետո ինքը դրանից պետք է ակնկալիքներ ունենա: Այնքանով, որքանով դուք ներկայացրեցիք, առաջին տպավորությունն այն է, որ լուծում կա: Մենք մանրամասն կուսումնասիրենք»,-ասաց նախարարը:

Փաշինյանն էլ արձագանքեց. «Ես նույնիսկ չեմ բացառում, որ այդ տրամաբանության մեջ ինչ-որ բաներ օրինականացվել են: Ինձ թվացել էր, որ ընդհանուր խորհրդակցությունների արդյունքում է այդ եզրակացությունը, որ չկա հնարավորություն»: